ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

(Ընդունված է 2003 թվականի ապրիլի 18-ին)

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Մ Ա Ս

Բ Ա Ժ Ի Ն  1

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔ

Գ Լ ՈՒ Խ  1

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից: Քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրենքներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում:

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը հիմնվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա:

Հոդված 2.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրները

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրներն են՝ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իրավաբանական անձանց իրավունքները, սեփականությունը, շրջակա միջավայրը, հասարակական կարգը և անվտանգությունը, սահմանադրական կարգը, խաղաղությունը և մարդկության անվտանգությունը, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

2. Այդ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ամրագրում է քրեական պատասխանատվության հիմքն ու քրեական օրենսդրության սկզբունքները, որոշում, թե հանրության համար վտանգավոր որ արարքներն են համարվում հանցագործություններ, և սահմանում է պատժի տեսակներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ՝ դրանք կատարելու համար:

Հոդված 3.

Քրեական պատասխանատվության հիմքը

Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:

Հոդված 4.

Քրեական օրենսդրության սկզբունքները

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը հիմնվում է օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման ու մարդասիրության սկզբունքների վրա:

Հոդված 5.

Օրինականության սկզբունքը

1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:

2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է:

Հոդված 6.

Օրենքի առջև հավասարության սկզբունքը

Հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջև և ենթակա են քրեական պատասխանատվության` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

(6-րդ հոդվածը խմբ. 05.02.13 ՀՕ-3-Ն)

Հոդված 7.

Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը

1. Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության:

2. Քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում:

Հոդված 8.

Անձնական պատասխանատվության սկզբունքը

Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն անձամբ իր կատարած հանցանքի համար:

Հոդված 9.

Ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը

1. Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից:

2. Օբյեկտիվ մեղսայնացումը՝ առանց մեղքի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվությունը, արգելվում է:

Հոդված 10.

Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը

1. Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

2. Արգելվում է անձին երկրորդ անգամ դատապարտել նույն հանցագործության համար:

(10-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն)

Հոդված 11.

Մարդասիրության սկզբունքը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը ծառայում է մարդու ֆիզիկական, հոգեկան, նյութական, էկոլոգիական և այլ անվտանգությունն ապահովելուն:

2. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Գ Լ ՈՒ Խ  2

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հոդված 12.

Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում

1. Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

2. Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը՝ անկախ հետևանքները վրա հասնելու պահից:

Հոդված 13.

Քրեական օրենքի հետադարձ ուժը

1. Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:

2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

3. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը:

Հոդված 14.

Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձանց նկատմամբ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը՝

1) սկսվել, շարունակվել կամ ավարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքում.

2) հանցակցությամբ կատարվել է այն անձանց հետ, ովքեր հանցավոր գործունեություն են իրականացրել այլ պետության տարածքում:

3. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում նրա պատասխանատվությունը վրա է հասնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե անձը քրեական պատասխանատվության է կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, և եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Հայաստանի Հանրապետության դրոշի տակ գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող նավի կամ թռիչքում գտնվող օդանավի կամ օդային այլ սարքի վրա հանցանք կատարած անձը, անկախ դրա գտնվելու վայրից, ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատասխանատվություն է կրում նաև այն անձը, ով հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության ռազմական նավի կամ օդանավի վրա՝ անկախ դրա գտնվելու վայրից:

5. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և դիվանագիտական իմունիտետից օգտվող այլ անձանց քրեական պատասխանատվության հարցը՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարելու դեպքում լուծվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

(14-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն)

Հոդված 15.

Քրեական օրենքների գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց նկատմամբ

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և քաղաքացիություն չունեցող անձինք սույն օրենսգրքի 190-րդ, 200-րդ, 201-րդ, 311-313-րդ, 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարելու համար ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության քրեական օրենսգրքով այդ արարքը նախատեսված լինելուց կամ չլինելուց:

3. Օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր հանցանքը կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են՝

1) այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով.

2) այնպիսի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության շահերի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների դեմ:

4. Սույն հոդվածի երրորդ մասում սահմանված նորմերը կիրառվում են, եթե օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք տվյալ հանցագործության համար չեն դատապարտվել մեկ այլ պետությունում և քրեական պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության տարածքում:

(15-րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-18-Ն)

Հոդված 16.

Հանցանք կատարած անձանց հանձնելը

1. Այլ պետության տարածքում հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան, կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժը կրելու համար:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված անձինք օտարերկրյա պետությանը չեն հանձնվում, եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ հանձնումը պահանջվել է նրանց ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական կարծիքի պատճառով հետաքննության կամ պատժի կիրառման համար:

Ոչ ոք չպետք է հանձնվի օտարերկրյա այն պետությանը, որտեղ լուրջ վտանգ կա, որ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ:

4. Եթե հանցանք կատարած անձանց հանձնելը պահանջող երկրի օրենքներով տվյալ հանցագործության համար մահապատիժ է նախատեսված, ապա հանցանք կատարած անձանց հանձնումը կարող է մերժվել, եթե պահանջող կողմը պահանջ ստացող կողմին բավարարող երաշխիքներ չներկայացնի, որ մահվան դատավճիռ ի կատար չի ածվի:

5. Հանցանք կատարած անձին հանձնելուց հրաժարվելու դեպքում օտարերկրյա պետության տարածքում կատարված հանցագործությունների համար քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(16-րդ հոդվածը լրաց. 05.02.13 ՀՕ-3-Ն)

Հոդված 17.

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի դատապարտվելու իրավական հետևանքները

1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կարող է հաշվի առնվել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը դատապարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած հանցանքի համար և կրկին հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հանցագործությունների ռեցիդիվը, չկրած պատիժը կամ օտարերկրյա պետության դատարանի դատավճռի այլ իրավական հետևանքները հաշվի են առնվում նոր հանցանքը որակելիս, պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:

Բ Ա Ժ Ի Ն  2

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Գ Լ ՈՒ Խ  3

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 18.

Հանցագործության հասկացությունը

1. Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով:

2. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:

Հոդված 19.

Հանցագործության տեսակները

1. Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝ հանցագործությունները դասակարգվում են՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների:

2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:

3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

5. Առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Հոդված 20.

Հանցագործությունների համակցությունը

1. Հանցագործությունների համակցություն է համարվում՝

1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.

2) այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:

2. Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար՝ սույն օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով:

(20-րդ հոդվածը խմբ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

Հոդված 21.

Հանցագործությունների կրկնակիությունը

(հոդվածն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

Հոդված 22.

Հանցագործությունների ռեցիդիվը

1. Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:

2. Հանցագործությունների ռեցիդիվը վտանգավոր է համարվում՝

1) դիտավորությամբ հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում երկու անգամից ոչ պակաս ազատազրկման է դատապարտվել դիտավորյալ հանցագործության համար.

2) ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:

3. Հանցագործությունների ռեցիդիվն առանձնապես վտանգավոր է համարվում անձի կողմից՝

1) դիտավորությամբ այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երեք անգամից ոչ պակաս ցանկացած հաջորդականությամբ ազատազրկման է դատապարտվել միջին ծանրության դիտավորյալ հանցագործության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.

2) այնպիսի ծանր հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երկու անգամ ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.

3) առանձնապես ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:

4. Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում:

Գ Լ ՈՒ Խ  4

ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԻՆՔ

Հոդված 23.

Քրեական պատասխանատվության ընդհանուր պայմանները

Քրեական պատասխանատվության ենթակա է միայն մեղսունակ ֆիզիկական անձը, ով հանցանք կատարելու պահին հասել է սույն օրենսգրքով սահմանված տարիքի:

Հոդված 24.

Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը

1. Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը:

2. Այն անձինք, որոնց տասնչորս տարին լրացել է մինչև հանցանքը կատարելը, ենթակա են քրեական պատասխանատվության սպանության (104-108-րդ հոդվածներ), դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու (112-116-րդ հոդվածներ), մարդուն առևանգելու (131-րդ հոդված), բռնաբարության (138-րդ հոդված), սեքսուալ բնույթի բռնի գործողությունների (139-րդ հոդված), ավազակության (175-րդ հոդված), գողության (177-րդ հոդված), կողոպուտի (176-րդ հոդված), շորթման (182-րդ հոդված), առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու (183-րդ հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (185-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու (238-րդ հոդված), թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելու կամ շորթելու (269-րդ հոդված), տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու (246-րդ հոդված), խուլիգանության (258-րդ հոդված) համար:

3. Եթե անձը հասել է սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ընդունակ չի եղել ամբողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու նշանակությունը կամ ղեկավարել դա, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

(24-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 26.05.08 ՀՕ-76-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)

Հոդված 25.

Անմեղսունակությունը

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն՝ քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա:

2. Հանրության համար վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

3. Պատժի ենթակա չէ նաև այն անձը, ով հանցանքը կատարել է մեղսունակության վիճակում, սակայն մինչև դատարանի կողմից դատավճիռ կայացնելը հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից: Այդպիսի անձի նկատմամբ դատարանի նշանակմամբ կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ առողջանալուց հետո նա կարող է ենթարկվել պատժի:

Հոդված 26.

Սահմանափակ մեղսունակությունը

1. Մեղսունակ անձը, ով հանցանքը կատարելիս հոգեկան խանգարման հետևանքով չէր կարող ամբողջությամբ գիտակցել իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու հասարակական վտանգավորությունը կամ ղեկավարել դա, ենթակա է քրեական պատասխանատվության:

2. Սահմանափակ մեղսունակությունը, որպես մեղմացնող հանգամանք, հաշվի է առնվում պատիժ նշանակելիս և կարող է հիմք դառնալ պատժի հետ միաժամանակ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու համար:

Հոդված 27.

Հարբած վիճակում հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունը

1. Ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի օգտագործման հետևանքով հարբած վիճակում հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից չի ազատվում:

2. Ալկոհոլամոլի, թմրամոլի կամ թունամոլի կողմից հանցանք կատարելու դեպքում դատարանը պատժի հետ միաժամանակ կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, եթե այդ հակման պատճառով առկա է նրա կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը:

Գ Լ ՈՒ Խ  5

ՄԵՂՔԸ

Հոդված 28.

Մեղքի ձևերը

1. Մեղքը դրսևորվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ:

2. Անզգուշությամբ կատարված արարքը հանցագործություն է, եթե դա հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի Հատուկ մասով:

Հոդված 29.

Հանցանքը դիտավորությամբ կատարելը

1. Դիտավորությամբ կատարված հանցանքը կարող է դրսևորվել ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ:

2. Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը:

3. Հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել այդ հետևանքները, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք:

4. Եթե օրենքն ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա:

5. Դիտավորյալ հանցագործության ծանրացնող հանգամանքների համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե նա գիտակցել է այդ հանգամանքները:

Հոդված 30.

Հանցանքն անզգուշությամբ կատարելը

1. Անզգուշությամբ կատարված հանցանքը կարող է դրսևորվել ինքնավստահությամբ կամ անփութությամբ:

2. Հանցանքը համարվում է ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի՝ ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն:

3. Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսել իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք:

Հոդված 31.

Առանց մեղքի վնաս պատճառելը

1. Արարքը համարվում է առանց մեղքի կատարված, եթե անձը չի գիտակցել և տվյալ իրադրությունում չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը կամ չի նախատեսել հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և տվյալ իրադրությունում պարտավոր չէր կամ չէր կարող նախատեսել դրանք:

2. Արարքը համարվում է առանց մեղքի կատարված նաև այն դեպքում, եթե անձը նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել դրանց առաջացումը, բայց ծայրահեղ պայմաններին կամ նյարդահոգեկան ծանրաբեռնվածությանն իր հոգեֆիզիոլոգիական հատկությունների անհամապատասխանության հետևանքով չէր կարող կանխել դրանց առաջացումը:

Հոդված 32.

Պատասխանատվությունը մեղքի երկու ձևերով հանցագործության համար

Եթե օրենքն ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսում անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած դիտավորյալ հանցագործության համար, ապա անձն այդ հետևանքների համար պատասխանատվություն է կրում միայն այն դեպքում, եթե նա նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի՝ ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն, կամ չի նախատեսել իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք: Այդպիսի հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված:

Գ Լ ՈՒ Խ  6

ԱՎԱՐՏՎԱԾ ԵՎ ՉԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 33.

Ավարտված և չավարտված հանցագործությունները

1. Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:

2. Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը:

3. Հանցագործության նախապատրաստության և հանցափորձի համար պատասխանատվությունը վրա է հասնում սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործության համար՝ հղում կատարելով սույն օրենսգրքի 34-րդ կամ 35-րդ հոդվածին:

Հոդված 34.

Հանցափորձը

Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:

Հոդված 35.

Հանցագործության նախապատրաստությունը

Հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաև դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով:

Հոդված 36.

Հանցագործությունից կամովին հրաժարումը

1. Հանցագործությունից կամովին հրաժարում է համարվում անձի կողմից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամ անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողությունը (անգործությունը) դադարեցնելը, եթե անձը գիտակցել է հանցագործությունն ավարտին հասցնելու հնարավորությունը:

2. Հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարված անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա՝ փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:

3. Հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը կամովին հրաժարվելու դեպքում ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա, պետական մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով, կանխել է կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը:

4. Եթե սույն հոդվածի երրորդ մասում նշված գործողությունները չեն հանգեցրել կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները պատիժ նշանակելիս կարող են հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:

Գ Լ ՈՒ Խ  7

ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 37.

Հանցակցության հասկացությունը

Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը:

Հոդված 38.

Հանցակիցների տեսակները

1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:

2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ:

3. Կազմակերպիչ է համարվում այն անձը, ով կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաև ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք:

4. Դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու՝ համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:

5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները:

(38-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն)

Հոդված 39.

Հանցակիցների պատասխանատվությունը

1. Համակատարողները հանցագործության համար ենթակա են պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով:

2. Կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը ենթակա են պատասխանատվության կատարված հանցանքը նախատեսող հոդվածով՝ հղում կատարելով սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք միաժամանակ եղել են հանցագործության համակատարողներ:

3. Սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածում նշված հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը, ով մասնակցել է այդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարմանը, տվյալ հանցագործության համար կարող է պատասխանատվություն կրել միայն որպես կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող:

4. Կատարողի կողմից իրենից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքում մյուս հանցակիցները պատասխանատվություն են կրում հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձին հանցակցելու համար:

5. Եթե կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի գործողությունները չեն հաջողվում իրենցից անկախ հանգամանքներով, ապա այդ անձանց պատասխանատվությունը վրա է հասնում համապատասխան հանցագործության նախապատրաստության համար:

6. Հանցակիցները ենթակա են պատասխանատվության միայն հանցագործության այն ծանրացնող հանգամանքների համար, որոնք գիտակցվել են նրանց կողմից:

7. Հանցակիցներին պատասխանատվության ենթարկելիս հաշվի են առնվում հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը:

Հոդված 40.

Հանցակցի սահմանազանցումը

1. Հանցակցի սահմանազանցում է համարվում անձի կողմից այնպիսի հանցանք կատարելը, որը չի ընդգրկվում մյուս հանցակիցների դիտավորությամբ:

2. Հանցակցի սահմանազանցման համար մյուս հանցակիցները պատասխանատվություն չեն կրում:

Հոդված 41.

Հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կողմից կատարելը

1. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես չեն պայմանավորվել հանցանքը համատեղ կատարելու մասին:

2. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչև հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:

3. Հանցանքը համարվում է կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար:

4. Հանցանքը համարվում է հանցավոր համագործակցության կողմից կատարված, եթե դա կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ստեղծված, համախմբված, կազմակերպված խմբի կողմից կամ նույն նպատակներով ստեղծված կազմակերպված խմբերի միավորմամբ, ինչպես նաև եթե դա կատարվել է այդպիսի համագործակցության անդամի (անդամների) կողմից ի կատարումն դրա հանցավոր նպատակների, ինչպես նաև հանցավոր համագործակցության առաջադրանքով դրա անդամ չհամարվող անձի կողմից:

5. Կազմակերպված խումբ, հանցավոր համագործակցություն ստեղծած կամ դրանք ղեկավարած անձը ենթակա է պատասխանատվության սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված դեպքերում կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու համար, ինչպես նաև դրանց կողմից կատարված բոլոր հանցանքների համար, եթե դրանք ընդգրկվել են նրա դիտավորությամբ: Հանցավոր համագործակցության մեջ մտնող մյուս անձինք պատասխանատվություն են կրում այդ կազմակերպությանը մասնակցելու և այն հանցանքների համար, որոնց նախապատրաստությանը կամ կատարմանն իրենք մասնակցել են:

6. Սույն հոդվածում թվարկված անձանց պատասխանատվությունը վրա է հասնում առանց սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին հղում կատարելու:

Գ Լ ՈՒ Խ  8

ԱՐԱՐՔԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Հոդված 42.

Անհրաժեշտ պաշտպանությունը

1. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:

2. Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ:

3. Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում՝ անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից և պաշտոնեական դիրքից:

4. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը:

Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի հատուկ մասով:

5. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաև ապօրինաբար և բռնությամբ բնակարան կամ այլ շինություն ներխուժելը կանխելու համար` անկախ ոտնձգողին պատճառած վնասի ծանրությունից:

(42-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն)

Հոդված 43.

Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը

1. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը հանցանք կատարած անձին վնաս է պատճառել նրան՝ իրավասու մարմիններին հանձնելու կամ նրա կողմից հանրության համար նոր վտանգավոր արարք կատարելու հնարավորությունը խափանելու նպատակով բռնելիս, եթե դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանների անցում թույլ չի տրվել:

2. Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում է համարվում բռնելու միջոցների ակնհայտ անհամապատասխանությունն արարքի և դա կատարող անձի վտանգավորությանը, ինչպես նաև բռնելու հանգամանքներին, որոնց հետևանքով անձին դիտավորությամբ պատճառվել է այնպիսի վնաս, որը պայմանավորված չի եղել բռնելու անհրաժեշտությամբ:

3. Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի Հատուկ մասով:

4. Հանցանք կատարած անձին բռնելու իրավունք, դրա համար հատկապես լիազորված անձանցից բացի, ունեն նաև տուժողը և այլ անձինք:

Հոդված 44.

Ծայրահեղ անհրաժեշտությունը

1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում:

2. Ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում է համարվում դիտավորությամբ այնպիսի վնաս պատճառելը, որն ակնհայտորեն չի համապատասխանում սպառնացող վտանգի բնույթին ու աստիճանին և վտանգը վերացնելու հանգամանքներին, եթե օրենքով պաշտպանվող շահերին պատճառվել է կանխված վնասի համեմատությամբ հավասար կամ ավելի մեծ վնաս:

Հոդված 45.

Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը

1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ, եթե դրա հետևանքով անձը չէր կարող ղեկավարել իր գործողությունները (անգործությունը):

2. Քրեական պատասխանատվության հարցն այն դեպքերում, երբ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառվում հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական այնպիսի հարկադրանքի ազդեցությամբ, որն անձին չի զրկում իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, լուծվում է՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 44-րդ հոդվածի դրույթները:

Հոդված 46.

Հիմնավորված ռիսկը

1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը հանրորեն օգտակար նպատակի հասնելու համար գործադրված հիմնավորված ռիսկի ժամանակ:

2. Ռիսկը համարվում է հիմնավորված, եթե հիշյալ նպատակին չէր կարելի հասնել ռիսկի հետ չկապված գործողություններով (անգործությամբ), և ռիսկի դիմած անձն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը կանխելու համար:

3. Ռիսկը հիմնավորված չի համարվում, եթե դա ակնհայտորեն զուգորդված է եղել երրորդ անձանց զոհվելու վտանգով, էկոլոգիական կամ հասարակական աղետի սպառնալիքով:

Հոդված 47.

Հրաման կամ կարգադրություն կատարելը

1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն այն անձի կողմից, ով գործել է ի կատարումն իր համար պարտադիր՝ սահմանված կարգով արձակված հրամանի կամ կարգադրության: Այդպիսի վնաս պատճառելու համար պատասխանատվություն է կրում անօրինական հրաման կամ կարգադրություն արձակած անձը:

2. Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով:

3. Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը:

Կարդալ շարունակությունը arlis.am կայքում
Contact us