Հայաստան ժամանած ԱՄՆ քաղաքացու ճամփորդությունն ընդհատվել էր «Զվարթնոց» օդանավակայանում՝ դեղորայք տեղափոխելու պատճառով: Միջազգային բժշկական պրակտիկայում օրինական այս դեղամիջոցը Հայաստանում դասվում է հոգեմետ նյութերի շարքում, ինչի հիմքով քաղաքացին ձերբակալվել և ապա կալանավորվել էր՝ առանձնապես խոշոր չափերով ապօրինի շրջանառություն և մաքսանենգություն կատարելու մեղադրանքով։
Քաղաքացուհին նշել էր, որ ռազմական խաղաղապահ առաքելության ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով բուժվում է մտավոր առողջության խնդիրներից, և տեղափոխվող դեղամիջոցը իր բուժման համար բժշկի կողմից նշանակված օրինական դեղեր են, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ում:
Նրա իրավունքների պաշտպանությունը վստահվել էր «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Սիփան Կեսոյանին։ Երկամսյա նախաքննության ընթացքում պաշտպանական կողմի կողմից ներկայացվել են միջազգային բժշկական փաստաթղթեր ու հիմնավորումներ, որոնց արդյունքում նախաքննական մարմինը հաստատել է՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղամիջոցը տեղափոխվել է բացառապես բուժման նպատակով, առանց այն շրջանառության մեջ դնելու դիտավորության:
Արդյունքում քաղաքացին շուրջ երկու ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել, նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ վարույթը՝ կարճվել։




