Արթուր Հովհաննիսյանի արտահայտությունները քաղաքական բանավեճի շրջանակում էին. Թագուհի Թովմասյանը դատարանում պարտվել է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հուլիսի 24-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է Թագուհի Թովմասյանի հայցն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։

ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի իրավունքների դատական պաշտպանությունն իրականացրել է AM իրավաբանական ընկերությունը, ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։

2025 թվականի սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած ասուլիսի ընթացքում Արթուր Հովհաննիսյանը պատասխանել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից իր հասցեին հնչեցված հայտարարություններին՝ ներկայացնելով քննադատական դիրքորոշում։

Այդ արտահայտությունների հիման վրա Թագուհի Թովմասյանը դիմել էր դատարան՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել, իր գնահատմամբ, զրպարտություն և վիրավորանք պարունակող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում։

Գործի քննության արդյունքում դատարանը ամբողջությամբ մերժել է հայցը։

Դատարանը համաձայնել է AM իրավաբանական ընկերության ներկայացրած իրավական դիրքորոշմանը՝ հիմնված ՀՀ Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա՝ արձանագրելով, որ վիճարկվող արտահայտությունները գնահատողական դատողություններ են, որոնք հիմնված են որոշակի փաստական հիմքերի վրա։

Դատարանը նաև նշել է, որ կողմերը քաղաքական և հանրային գործիչներ են, Ազգային ժողովի պատգամավորներ, որոնք գործում են հակադիր քաղաքական ճամբարներում և մասնակցել են հրապարակային սուր քաղաքական բանավեճի։

Ըստ դատարանի՝ Արթուր Հովհաննիսյանի խոսքը եղել է անմիջական արձագանք Թագուհի Թովմասյանի կողմից նախապես հնչեցված կոշտ հայտարարություններին։ Դատարանի գնահատմամբ՝ քաղաքական բանավեճում կոշտ քննադատություն ընտրած հանրային գործիչը պետք է ողջամտորեն ակնկալի և հանդուրժի համարժեք կոշտ պատասխան։

Հետադարձ Կապ

Ֆեյսբուք