Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընկերությանը ներառելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչվեց

Հայաստանի խոշոր ընկերություններից մեկը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրամանով ներառվել էր գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Ընկերության շահերը դատարանում ներկայացրեց AM իրավաբանական ընկերության փաստաբան, գլխավոր իրավախորհրդատու Մարինե Հովհաննիսյանը։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր ընկերության հայցը՝ գտնելով, որ վերջինս խախտել էր գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, ինչն էլ հիմք էր հանդիսացել համապատասխան ցուցակում ընկերությանը ներառելու համար։

Չհամաձայնելով դատարանի եզրահանգումներին՝ Մարինե Հովհաննիսյանը ներկայացրեց վերաքննիչ բողոք՝ հիմնավորելով առաջին ատյանի դատական ակտի անհամապատասխանությունը կիրառելի իրավական նորմերին և գործի փաստական հանգամանքներին։ Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի վճիռը և անվավեր ճանաչեց ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու վերաբերյալ հրամանը։ Դատարանը, գնահատելով գործով ներկայացված փաստարկներն ու ապացույցները, արձանագրեց, որ ընկերության կողմից մրցույթի հրավերով նախատեսված ապրանքի տեխնիկական տվյալներից տարբերվող ապրանք առաջարկելը չի կարող դիտարկվել որպես հայտի անհամապատասխանություն։

Դատարանի գնահատմամբ՝ խոսքը պատվիրատուին ուղղված այլ առաջարկի մասին էր, որի ներկայացման համար մասնակիցը որևէ իրավական նորմով կաշկանդված չէր։ Գործի կարևոր արդյունքներից էր նաև Վերաքննիչ դատարանի դատավորներից մեկի հատուկ կարծիքը, որով հրամանի անվավերությունը, ըստ էության, պայմանավորվել էր հենց վերաքննիչ բողոքում ներկայացված իրավական հիմնավորումներով։ Այս գործը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դատական պաշտպանության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն իրավական նորմերի ճիշտ կիրառմամբ, այլև գործի փաստերի, ապացույցների և իրավական դիրքորոշումների համադրմամբ։

AM իրավաբանական ընկերությունը շարունակելու է հետևողականորեն պաշտպանել իր վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը՝ յուրաքանչյուր գործի համար մշակելով անհատական և փաստերի ու իրավական հիմնավորումների վրա հիմնված պաշտպանական ռազմավարություն։

Հետադարձ Կապ

Ֆեյսբուք