Մեր գրասենյակին դիմած վստահորդը մոր մահից հետո չէր կարողանում իրացնել իր
ժառանգական իրավունքները։ Փաստաթղթերում առկա անճշտությունները, ինչպես նաև
մյուս ժառանգի հետ առաջացած վեճը խոչընդոտում էին ժառանգության ձևակերպման
գործընթացը ։
Գործը վարեց փաստաբան Պայծառ Քոչարյանը, ում կողմից ձեռնարկվեցին
անհրաժեշտ իրավական գործողություններ՝ ժառանգության ձևակերպման ուղղությամբ ։
Արդյունքում նոտարի կողմից տրվեց ժառանգության իրավունքի վկայագիր , որի հիմքով
գրանցվեց վստահորդի սեփականության իրավունքը ։
Սակայն մյուս ժառանգը միտումնավոր կերպով խուսափում էր ներկայանալ նոտարական գրասենյակ և ստանալ իր վկայագիրը՝ միաժամանակ պահանջելով գույքի կեսը։
Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով ընդունվեց ռազմավարական որոշում ՝ դիմել դատարան՝ փոխհատուցման միջոցով վերջինիս սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջով։ Հաշվի առնվեց այն հանգամանքը, որ պատասխանողի բաժինը աննշան էր, չէր կարող առանձնացվել
բնույթով և նա ընդհանուր գույքի օգտագործման մեջ էական շահ չէր ունեցել։
Դատավարության ընթացքում ներկայացվեցին հիմնավոր ապացույցներ ,
իրականացվեցին փորձաքննություններ, ինչպես նաև գույքի մյուս
համասեփականատերերի կողմից իրենց բաժինները վստահորդին նվիրելու
արդյունքում մեծացվեց նրա բաժնեմասը ։
Դատարանը, գնահատելով ներկայացված հիմնավորումները,բավարարեց հայցը՝
փոխհատուցման դիմաց դադարեցնելով պատասխանողի իրավունքները գույքի
նկատմամբ։ Արդյունքում վստահորդը, դատարանի կողմից սահմանված գումարը վճարելով նոտարի դեպոզիտ հաշվին , գրանցեց գույքի ամբողջ մասի նկատմամբ իր սեփականության իրավունքը և ձեռք բերեց այն լիարժեք,
առանց խոչընդոտների տնօրինելու հնարավորություն ։




