Դատարանը հաստատել է, որ Հանրային հեռուստաընկերությունը չի զրպարտել, երբ ներկայացրել է Դատախազության հրապարակումը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ ներկայացված զրպարտության վերաբերյալ հայցը

Հայցը ներկայացվել էր այն հիմքով, որ Հանրային հեռուստաընկերության Լուրերի գլխավոր թողարկման ընթացքում հաղորդավարը, հղում անելով ՀՀ Դատախազության հրապարակմանը, ներկայացրել էր հայցվորին առնչվող քրեական գործի վերաբերյալ տեղեկություններ։ Հայցվորը պահանջում էր հերքել ներկայացված տվյալները և վճարել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում։

Դատարանում AM իրավաբանական ընկերությունը հիմնավորել է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը գործել է բարեխիղճ ՝ իր սահմանադրական առաքելության շրջանակներում, հասարակությանն իրազեկելու նպատակով ներկայացրել է պաշտոնական տեղեկատվություն՝ առանց դրա բովանդակությունը խեղաթյուրելու և առանց որևէ անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու դիտավորության:

Այս համատեքստում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից, զրպարտության հատկանիշներ առկա չեն , և, հետևաբար, չի կարող խոսք լինել նաև զրպարտությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին ։

Դատարանը հիմնավոր է համարել AM իրավաբանական ընկերության փաստաբանների ներկայացրած փաստարկները և մերժել է ինչպես զրպարտություն համարվող տվյալները հերքելու, այնպես էլ զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջները:

Կարծիքներ

Facebook