AM իրավաբանական ընկերությունն արձանագրեց հերթական իրավական հաղթանակը՝ ապահովելով իր վստահորդի շահերի լիարժեք պաշտպանությունը միջազգային առևտրի և ապրանքային նշանների ոլորտում։
ՌԴ-ում գրանցված մեր վստահորդ ընկերությունը հայտնվել էր դատական վեճի կենտրոնում, երբ հայկական ընկերությունը ներկայացրել էր շուրջ 4 միլիոն ՀՀ դրամի չափով վնասի հատուցման պահանջ՝ պնդելով ԵԱՏՄ մաքսային օրենսդրության խախտում։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը։
Գործը ստանձնելուն պես, AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Կամելիա Մանուկյանը իրականացրեց իրավական իրավիճակի համակողմանի ուսումնասիրություն և ներկայացրեց վերաքննիչ բողոք, որն էլ դատարանը բավարարեց՝ վերադրելով գործը նոր քննության։
Նոր քննության ընթացքում հայցվորն կրկին պնդեց, թե մեր վստահորդը ԵԱՏՄ սկզբունքների խախտմամբ ներմուծել է կոնկրետ ապրանքային նշան կրող դեղորայք և բժշկական պարագաներ՝ խախտելով բացառիկ իրավատիրոջ իրավունքները։
AM-ի փաստաբանը լիարժեք հիմնավորեց, որ.
ապրանքները ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքում օրինական տեղափոխման արդյունքում արդեն գտնվում էին քաղաքացիական շրջանառության մեջ,
ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքները ներմուծման պահին սպառված էին,
վստահորդը հանդես է եկել որպես մատակարար և անձամբ ներմուծում չի իրականացրել։
Դատարանը ընդունեց ներկայացված փաստարկները և եզրահանգեց, որ հայցվորի կողմից վնասի պատճառման փաստը ապացուցված չէ, ինչի արդյունքում հայցը ամբողջությամբ մերժվեց։
Այս որոշումը կարևոր նախադեպ է ԵԱՏՄ տարածքում ապրանքային նշանների իրավական կարգավորման և ներմուծման գործընթացների պաշտպանվածության համար։



