Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ civic.am լրատվականի, որով պահանջվում էր հրապարակային ներողություն, հերքում և 9.000.000 ՀՀ դրամի փոխհատուցում։
Հայցը վերաբերում էր civic.am լրատվականի կողմից 2025 թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 3-ը հրապարակված ութ հոդվածների, որոնցում ներկայացված էին քննադատական անդրադարձներ Սամվել Կարապետյանի գործունեության վերաբերյալ։
Դատարանը ընդունեց պաշտպանական կողմի այն փաստարկը, որ նշված հրապարակումները կրել են պատասխանելու և արձագանքելու բնույթ և չեն պարունակել զրպարտչական կամ վիրավորական արտահայտություններ։ Արդյունքում դատարանը չընդունեց հայցվորի ներկայացրած հիմնավորումները և արձանագրեց, որ civic.am լրատվականում հրապարակված հոդվածներում բացակայում են զրպարտության և վիրավորանքի տարրեր։ Միաժամանակ դատարանն ընդգծեց, որ վիճելի արտահայտությունները իրենց համատեքստում հանդիսանում են քաղաքական խոսք, որը խոսքի ազատության տեսանկյունից օգտվում է պաշտպանության առավել բարձր աստիճանից։
Civic.am լրատվականի շահերը դատարանում պաշտպանել է «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Արման Ներսիսյանը։




