«AM» իրավաբանական ընկերության փաստաբանների թիմը մեկնել էր Փարիզ, որպեսզի իր հաճախորդին հանձնի դատական դժվարին հաղթանակով վերադարձված 500 հազար եվրո արժողությամբ մագաղաթը: 12 տարի առաջ կնքված գործարքի և 6 տարի տևած դատական քաշքշուկների արդյունքում Ֆրանսիայի քաղաքացի Անդրե Լըկամյուն ստացավ իր սեփականությունը:
2005 թվականին Անդրե Լըկամյուն Սերգեյ Օկոևին պատվիրել էր պատրաստել «Դուքս դը Բեռիի թանկագին ժամերը» հին ձեռագրի կրկնօրինակը: Պատվիրատուն վճարել էր գումարը, սակայն կատարողը պատրաստված մագաղաթը հրաժարվել էր հանձնել պատվիրատուին: Արդեն 2011 թվականին Անդրե Լըկամյուի կողմից Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում էր ներկայացվել, ինչի արդյունքում որոշում էր կայացվել Սերգեյ Օկոևից հօգուտ Անդրե Լըկամյուի բռնագանձում կատարել: Վճռի հարկադիր կատարման փուլում արգելանք էր կիրառվել Սերգեյ Օկոևի կողմից հեղինակած կրկնօրինակ մագաղաթի նկատմամբ: Սակայն կատարողական վարույթը կասեցվել էր մագաղաթը գնահատելու համար պահանջվող լիցենզավորված մասնագետ չլինելու պատճառով: Մագաղաթի նկատմամբ բռնագանձում տարածելու և այն իրացնելու համար անհրաժեշտ էր որոշել նրա մոտավոր շուկայական արժեքը:
«AM» իրավաբանական ընկերության պրոֆեսիոնալ փաստաբանական թիմն ընկերության փաստաբան Լևոն Սահակյանի գլխավորությամբ կարողացավ գտնել համապատասխան գիտելիքներով փորձագետ, ով մագաղաթի շուկայական արժեքը գնահատեց 500.000 եվրո: Օրենքով սահմանված կարգով մագաղաթը ներկայացվեց հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Աճուրդի ընթացքում արդեն 2017 թվականի հոկտեմբերին «AM» իրավաբանական ընկերությունը դիմում ներկայացրեց հարկադիր էլեկտրոնային աճուրդում գտնվող մագաղաթը պարտքի դիմաց պահանջատեր Անդրե Լըկամյուին հանձնելու մասին, իսկ մասնագիտական բարձր գիտելիքներ ունեցող հարկադիր կատարող Սուրեն Հովհաննիսյանի կողմից որոշում կայացվեց մագաղաթը պահանջատիրոջը հանձնելու մասին:
Օրեր անց այս բարդ դատական գործում ներգրավված «AM»-ի բոլոր երեք մասնագետները՝ Լևոն Սահակյանը, Պայծառ Քոչարյանը և Աննա Միքայելյանը, մեկնեցին Փարիզ և իրենց հաճախորդին առձեռն հանձնեցին դատական դժվարին հաղթանակով վերադարձված թանկարժեք մագաղաթը: