Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ բնակարանի վարձակալության դեպքում կոնկրետ վճարի դիմաց գույքը ժամանակավոր տրամադրվում է տիրապետման կամ օգտագործման։
Բնակարանը վարձակալությամբ կարող է հանձնվել միայն այն դեպքում, երբ անձը, ով նման մտադրություն ունի, օրեքով սահմանված կարգով այդ բնակարանի նկատմամբ ունի սեփականության իրավունք։
Բնակարանը վարձակալության հանձնելու դեպքում կնքվում է վարձակալության պայմանագիր:
Բնակարանի գնման դեպքում կնքվում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել բնակարանը, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ բնակարանը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Բնակարանի վարձակալության պայմանագիր. ինչո՞ւ է անհրաժեշտ նոտարական վավերացումը
Վարձակալության, ինչպես նաև բնակարանի գնման պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ, և ենթակա է նոտարական վավերացման:
Վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները, այդ թվում՝ տիրապետման կամ օգտագործման իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Նոտարական վավերացման դեպքում ապահովում է բնակարանի, դրա նկատմամբ կողմերի իրավունքները, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում հնարավոր վեճերի դեպքում ապահովել կողմերի իրավունքների պաշտպանությունը:
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կողմերի հիմնական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են վարձակալության պայմանագրով, կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով սահմանվում են կողմերի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, որոնք կարող են ուղղորդող լինել։
Վարձակալությամբ գույքը հանձնողը (Վարձատուն) պարտավոր է վարձակալին տրամադրել վարձակալվող բնակարանը բնակության համար պիտանի վիճակում, ինչպես նաև վճարի դիմաց ապահովել կոմունալ ծառայություններ։
Վարձատուն պարտավոր է նաև վերանորոգել բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքը, վերացնել օգտագործման խափանումները։
Վարձակալությամբ գույքը վերցնողը (Վարձակալը) պարտավոր է ապահովել բնակելի տարածության պահպանությունը պատշաճ վիճակում։
Եթե կարիք կամ անհրաժեշտություն կա բնակելի տարածության վերակառուցման կամ վերափոխման, ապա Վարձակալը դա կարող է իրականացնել Վարձատուի համաձայնությամբ:
Վարձակալը պարտավոր է կատարել կոմունալ վճարումները, և պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարել վարձակալության վճարը։
Վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծում. ինչպե՞ս օրինական կերպով դադարեցնել
Վարձակալության պայմանագիրը հնարավոր է լուծել մինչև պայմանագրով դրա համար սահմանված ժամկետը լրանալը, եթե վարձակալի և վարձատուի միջև դրա վերաբերյալ առկա է փոխադարձ համաձայնություն։ Անհրաժեշտ է, որ վարձակալը տեղեկացնի պայմանագիրը լուծելու մտադրության մասին երեք ամիս առաջ։
Կարո՞ղ է տանտերը վարձակալին դուրս անել տնից առանց նախազգուշացման, եթե վարձակալության պայմանագիր չկա:
Վարձակալության պայմանագրի բացակայության դեպքում վարձակալը պաշտպանության սահմանափակ հնարավորություն ունի, հետևաբար վարձատուն (տանտերը) կարող է դիմել ոստիկանություն՝ բնակարանն անօրինական տիրապետումից ազատելու պահանջով:
Ի՞նչ է կանխավճարը (դեպոզիտ) և արդյո՞ք տանտերը պարտավոր է այն վերադարձնել վարձակալության ավարտին:
Վարձակալության պայմանագրի դեպքում կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել նաև կանխավճար, որը հանդիսանում է պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում: Այն պետք է կնքվի գրավոր, և պայմանագրի կատարման դեպքում ենթակա է վերադարձի:
Կարո՞ղ է տանտերը վարձակալության պայմանագրի գործողության ընթացքում սեփական հայեցողությամբ բարձրացնել վարձավճարը:
Այն դեպքում, երբ վարձակալությունն իրականացվել է գրավոր պայամանագրի հիման վրա, ապա ցանկացած փոփոխություն, ներառյալ վարձակալվող բնակարանի վարձի փոփոխությունը, իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Գույքային վեճեր ունենալու դեպքում դուք կարող եք ստանալ իրավաբանական օգնություն:




