Ինչի՞ց սկսել և ինչպե՞ս պաշտպանել գույքային իրավունքները

Գույքի իրավական պաշտպանությունը սկսվում է սեփականության իրավունքի պատշաճ ձևակերպումից և, օրենքով նախատեսված դեպքերում, դրա պետական գրանցումից։ Պետական գրանցումը հատկապես կարևոր է անշարժ գույքի դեպքում, քանի որ այն ապահովում է սեփականության իրավունքի պաշտոնական ճանաչումն ու պաշտպանությունը պետության կողմից, ինչպես նաև  երրորդ անձանց անօրինական պահանջներից։

Գույքի իրավական պաշտպանությունը կարող է իրականացվել ինչպես արտադատական, այնպես էլ դատական կարգով՝ կախված խախտման բնույթից և կողմերի միջև առկա վեճից։

Արտադատական պաշտպանություն

Շատ դեպքերում վեճը հնարավոր է լուծել առանց դատարան դիմելու՝ բանակցությունների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելու, ինչպես նաև իրավունքի պետական գրանցման կամ գրանցման տվյալների ճշտման միջոցով։

Դատական պաշտպանություն

Եթե արտադատական միջոցները արդյունք չեն տալիս կամ առկա է սեփականության իրավունքի վերաբերյալ վեճ, անձը կարող է դիմել դատարան՝ պահանջելով, օրինակ՝

  • ճանաչել սեփականության իրավունքը,
  • վերացնել իրավունքի խախտումը,
  • վերադարձնել ապօրինի տիրապետման մեջ գտնվող գույքը,
  • անվավեր ճանաչել գույքի նկատմամբ իրավունքը խախտող գործարքը կամ ակտը,

Անկախ ընտրված պաշտպանության եղանակից՝ առաջին քայլը գույքի նկատմամբ ձեր իրավունքները հաստատող փաստաթղթերի՝ սեփականության վկայականը, գնման, նվիրատվության կամ ժառանգության փաստաթղթերը, տեխնիկական անձնագիրը, վճարումների անդորրագրերը և այլ առկա փաստաթղթեր և խախտումը հիմնավորող ապացույցների հավաքագրումն է։

Ինչպե՞ս գրանցել սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում

Սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ է Կադաստրի կոմիտե ներկայացնել իրավունքի ծագումը հիմնավորող փաստաթուղթը (օրինակ՝ առուվաճառքի, նվիրատվության կամ ժառանգության վկայագիր, դատարանի վճիռ և այլն), ինչպես նաև օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր։

Դիմումը կարելի է ներկայացնել Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում կամ էլեկտրոնային եղանակով։ Գրանցումից հետո Կադաստրի կոմիտեն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և, օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում, գրանցում սեփականության իրավունքը։

Ինչպե՞ս պաշտպանել գույքը համատեղ սեփականության դեպքում

Եթե գույքը պատկանում է մի քանի անձանց, ապա գույքի տնօրինման, օգտագործման կամ օտարման հետ կապված որոշումները հաճախ պահանջում են բոլոր համասեփականատերերի համաձայնությունը։ Վեճերի դեպքում հնարավոր է կարգավորել գույքի օգտագործման կարգը, առանձնացնել բաժնեմասը, դադարեցնել ընդհանուր սեփականությունը դատարանի միջոցով» ՝ խախտված իրավունքների վերականգնման համար։

Վեճի դեպքում կարևոր է պահպանել սեփականության իրավունքը և գույքի օգտագործման կարգը հաստատող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև համասեփականատերերի միջև առկա գրավոր հաղորդակցությունը և այլ ապացույցներ։

Ի՞նչ դեր ունի նոտարը գույքային իրավունքների պաշտպանության հարցում

Նոտարը ստուգում է կողմերի ինքնությունը, իրավունակությունը, գործարքի օրինականությունը և ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքի պահանջներին, և վավերացնում է դրանք։

Մասնավորապես նոտարը ներգրավում է՝

  • անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի կնքման ժամանակ,
  • բնակարանի, տան, հողամասի կամ այլ գույքի նվիրատվության գործարքների դեպքում,
  • ժառանգության իրավունքի ձևակերպման և ժառանգության վկայագրի տրամադրման գործընթացում,
  • ամուսինների ընդհանուր գույքի բաժանման կամ գույքային համաձայնագրերի կնքման ժամանակ,
  • անշարժ գույքի օտարման կամ ձեռքբերման վերաբերյալ լիազորագրերի ձևակերպման դեպքում,
  • բաժնեմասերի օտարման կամ օրենքով նախատեսված այլ կորպորատիվ գործարքների ժամանակ,
  • գույքային իրավունքների հետ կապված մի շարք այլ գործարքների դեպքում, երբ նոտարական ձևը պարտադիր է օրենքով կամ ընտրվել է կողմերի կողմից։

Ի՞նչ է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը:

Սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը փաստաթուղթ է, որը հաստատում է, որ տվյալ անձի սեփականության իրավունքը գրանցվել է պետական գրանցամատյանում։ Այն ունի համար, անձի տվյալները, ամսաթիվը, երբ գրանցվել է սեփականության իրավունքը, գույքի նկարագրությունը։

Որքա՞ն է գույքային վեճերով հայցային վաղեմության ժամկետը:

Գույքային վեճերով հայցային վաղեմության ժամկետը կախված է պահանջի բնույթից և կիրառելի իրավական կարգավորումից։ Ընդհանուր կանոնով, քաղաքացիական իրավահարաբերություններից բխող բազմաթիվ պահանջների համար գործում է երեք տարվա հայցային վաղեմության ժամկետ, սակայն օրենքը նախատեսում է նաև բացառություններ։

Եթե կարծում եք, որ ձեր գույքային իրավունքը խախտվել է, նպատակահարմար է հնարավորինս շուտ ստանալ իրավաբանական խորհրդատվություն, քանի որ հայցային վաղեմության ժամկետի բացթողումը կարող է ազդել ձեր իրավունքների դատական պաշտպանության հնարավորության վրա։

Ի՞նչ անել, եթե գույքի վրա արգելանք է դրված:

Եթե ձեր գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք, նախ անհրաժեշտ է պարզել դրա հիմքը և այն մարմինը, որի որոշմամբ այն կիրառվել է։

Անհրաժեշտ է 

  • ստուգել գույքի վերաբերյալ տվյալները Կադաստրի կոմիտեում,
  • ստանալ կալանքի կամ արգելանքի հիմք հանդիսացող որոշման կամ ակտի պատճենը,
  • պարզել, թե որ մարմինն է կիրառել սահմանափակումը (դատարան, հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, քննչական մարմին, դատարանի որոշման կատարման հետ կապված այլ մարմին և այլն),

Եթե կալանքի կամ արգելանքի հիմքերը վերացել են, պարտավորությունը կատարվել է կամ սահմանափակումը կիրառվել է օրենքի խախտմամբ, հնարավոր է դիմել համապատասխան մարմնին կամ դատարան՝ այն վերացնելու, փոփոխելու կամ վիճարկելու պահանջով։

Օգտակար հղումներ

ՀՀ Կադաստրի կոմիտե – անշարժ գույքի գրանցման, դրա վերաբերյալ տեղեկությունների և ծառայությունների համար։

e-cadastre առցանց հարթակ – առցանց դիմումների և որոշ տեղեկությունների ստացման համար։

e-gov.am – պետական էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ

e-register-կազմակերպության գրանցման, դրա վերաբերյալ տեղեկությունների համար։

Հետադարձ Կապ

Ֆեյսբուք