
Հայկուհի Հարությունյան
Հայկուհի Հարությունյանը իրավական և կառավարման ոլորտների փորձագետ է՝ ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձով իրավական հարցերի, ինստիտուցիոնալ բարեփոխումների և հանրային կառավարման ոլորտներում։
Նա զբաղեցրել է պետական կառավարման ղեկավար պաշտոն, իրականացրել միջազգային խորհրդատվական և իրավական գործունեություն՝ մասնակցելով Հայաստանի կարևորագույն իրավական և քաղաքական բարեփոխումների մշակման ու իրականացման գործընթացներին։
2019-2023 թվականներին Հայկուհի Հարությունյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Այդ ընթացքում նա ղեկավարել է մի շարք առանցքային բարեփոխումներ, որոնք ուղղված էին հանրային ծառայության ոլորտում բարեվարքության, հաշվետվողականության ամրապնդմանը, այդ թվում՝ հանրային պաշտոններում առաջադրված անձանց բարեվարքության ստուգման համակարգի ներդրումը և կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմների մշակումը։ Նա առանցքային դեր է ունեցել նաև հայտարարագրման համակարգի թվայնացման գործընթացում՝ ղեկավարելով միասնական էլեկտրոնային հարթակի մշակումը և ներդրումը, որը միավորել է իրավական կարգավորումները, հանրային քաղաքականությունը և տեխնոլոգիական լուծումները՝ նպաստելով պետական կառավարման ոլորտում թափանցիկության և վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։
Վերջին տարիներին Հայկուհին շարունակել է համագործակցել միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների հետ՝ կառավարման, համապատասխանության (compliance) համակարգերի, կարգավորող բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման հարցերում։ Այս աշխատանքները ներառում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) շրջանակում իրավապահ մարմինների համար համապատասխանության և կոռուպցիոն ռիսկերի գնահատման առաջին մեթոդաբանության մշակմանը մասնակցությունը, Հայաստանի հակակոռուպցիոն նոր օրենսդրության մշակման աշխատանքներին ներգրավվածությունը, Հայաստանի օրենսդրության՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխանության իրավական գնահատումները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի համար բարեվարքության և էթիկայի ուղեցույցի մշակումը։
2010-2020 թվականներին Հայկուհի Հարությունյանը եղել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ և գործունեություն է ծավալել որպես լիցենզավորված փաստաբան։ Իր խորհրդատվական և հանրային գործունեությանը զուգահեռ՝ նա ներկայացրել է անձանց շահերը ռազմավարական դատավարություններում՝ ինչպես ներպետական դատարաններում, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններում, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։
Նրա մասնագիտական փորձը ներառում է փաստաբանական պրակտիկայից և օրենսդրության մշակման գործընթացներից մինչև դրանց իրականացումը, վերահսկողությունը, գնահատումը և ինստիտուցիոնալ փոփոխությունների կառավարումը։ Այս բազմակողմ փորձը նրան տալիս է Հայաստանի իրավական և կարգավորող համակարգի խորքային պատկերացում, ինչպես նաև բարեփոխումների գործնական իրականացման մարտահրավերների համապարփակ ըմբռնում։
Հայկուհի Հարությունյանը իրավաբանության մագիստրոսի աստիճան է ստացել ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի Իրավագիտության դպրոցում (University of Minnesota Law School), ինչպես նաև ավարտել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության, զարգացման և իրավունքի գերակայության կենտրոնի (CDDRL) առաջնորդության ծրագիրը և Hubert H. Humphrey Fellowship Program-ը։



