ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

(Ընդունվել է Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին)

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Բ Ա Ժ Ի Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Քաղաքացիական դատավարության մասին օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության դատարաններում (այսուհետ` դատարաններ) քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

Այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են դատավարության այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

3. Քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:

(1-ին հոդվածը լրաց. 06.11.01 ՀՕ-261, լրաց., փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 2. Դատարան դիմելու իրավունքը

 

Շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:

 

Հոդված 3. Քաղաքացիական գործ հարուցելու հիմքը

 

Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:

Հոդված 4. Դատավորների անկախությունը և նրանց ենթարկվելը միայն օրենքին

 

1. Արդարադատություն իրականացնելիս` դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:

2. Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին: Դատավորների անկախության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով:

(4-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 5. Հավասարությունն օրենքի և դատարանի առջև

 

Քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքների հիման վրա:

 

Հոդված 6. Կողմերի մրցակցությունը և իրավահավասարությունը

 

Քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

 

Հոդված 7. Դատավարության լեզուն

 

1. Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:

2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

(7-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 8. Գործերի քննության հրապարակայնությունը

 

1. Դատարաններում քաղաքացիական գործերի քննությունը դռնբաց է:

2. Գործի քննությունը դռնփակ նիստում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև որդեգրման գաղտնիությունը, քաղաքացիների անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունն ապահովելու, առևտրային կամ այլ գաղտնիք պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու դեպքում:

3. Գործը դռնփակ նիստում քննելու մասին կայացվում է որոշում:

4. Գործը դռնփակ նիստում քննելիս ներկա են գտնվում գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները, որոնցից վերցվում է ստորագրություն` բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու մասին:

5. Դռնփակ նիստում գործի քննությունն իրականացվում է քաղաքացիական դատավարության կանոնների, պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ:

Դատարանի վճիռը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում, բացառությամբ որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակման դեպքերի: Որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ:

(8-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101, 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 9. Դատական քննության բանավորությունը

(վերնագիրը փոփ. 21.02.07 ՀՕ-98-Ն)

 

1. Գործի քննությունը կատարվում է բանավոր:

2. Գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունն սկսվում է սկզբից:

3. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-98-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-98-Ն)

(9-րդ հոդվածը փոփ. 21.02.07 ՀՕ-98-Ն)

 

Հոդված 10. Վեճերի և այլ գործերի լուծման ժամանակ կիրառվող օրենքները և այլ իրավական ակտերը

 

1. Դատարանը վեճերը և այլ գործերը լուծում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի հիման վրա:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով կամ այլ իրավական ակտերով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

3. Վիճելի հարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա): Նման նորմերի բացակայության դեպքում դատարանը վեճը լուծում է` ելնելով իրավունքի սկզբունքներից (իրավունքի անալոգիա):

4. Դատարանն օրենքին կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան կարող է կիրառել նաև այլ պետությունների իրավունքի նորմեր:

 

Հոդված 11. Օտարերկրյա իրավունքի կիրառումը

 

1. Դատարանն օտարերկրյա իրավունք կիրառելու դեպքում պարզում է դրա նորմերի գոյությունը և բովանդակությունը` օտարերկրյա պետությունում դրանց մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան:

2. Օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը և բովանդակությունը պարզելու նպատակով` դատարանը կարող է սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում գտնվող իրավասու մարմինների աջակցությանը կամ ներգրավել մասնագետների:

Օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը կամ բովանդակությունը պարզելու անհնարինության դեպքում դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմերը:

 

Հոդված 12. Գործարար շրջանառության սովորույթների կիրառումը

 

Դատարանն իրավունք ունի կիրառել գործարար շրջանառության սովորույթներ:

 

Հոդված 13. Քաղաքացիական գործերով դատական ակտերը

 

Դատարանը քաղաքացիական գործերով կայացնում է վճիռներ, որոշումներ և արձակում վճարման կարգադրություններ (այսուհետ` դատական ակտեր):

(13-րդ հոդվածը փոփ. 07.07.05 ՀՕ-154-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 14. Դատական ակտերի պարտադիր լինելը

 

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 15. Առարկայական ընդդատությունն ընդհանուր իրավասության դատարանին

 

1. Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

2. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննում են պատասխանողի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարանները: 

(15-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն)

 

Հոդված 16. Առարկայական ընդդատությունը քաղաքացիական դատարանին

 

(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն)

 

Հոդված 17. Միմյանց հետ կապված մի քանի պահանջների առարկայական ընդդատությունը

 

(հոդվածն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն)

 

Հոդված 18. Վեճի հանձնումը արբիտրաժային տրիբունալի լուծմանը

 

Դատարանին ընդդատյա վեճը մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը կողմերի համաձայնությամբ կարող է հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:

(18-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

  ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ

 

Հոդված 19. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը

(վերնագիրը փոփ. 18.02.04. ՀՕ-39-Ն)

 

1. Ընդհանուր իրավասության դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:

2. (կետն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-44-Ն)

3. Սնանկության գործերը վարվում են դատավորի կողմից` միանձնյա:

4. Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:

5. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, այլ դատական ակտերի դեմ բողոքը՝ միանձնյա:

6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

7. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով:

8. Որևէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: Նիստում նախագահողը քվեարկում է վերջինը:

9. Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնող դատավորն իրավունք ունի չստորագրելու դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:

10. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասին:

11. Հատուկ կարծիքը ստորագրում և կնքում է դատավորը ու կցվում է գործին։

12. Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում:

13. Հատուկ կարծիքը տրամադրվում է գործին մասնակցող անձանց:

(19-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214, 21.02.07 ՀՕ-98-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 26.12.08 ՀՕ-233-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն)

 

Հոդված 20. Դատարանի կողմից հարցերի լուծման կարգը

 

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ

(վերնագիրը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 21. Դատավորի ինքնաբացարկը

 

1. Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91 հոդվածով:

2. Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ: Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել: Ամեն դեպքում միջնորդությունը կարող է ներկայացվել, կամ ինքնաբացարկը կարող է հայտնվել միայն մինչև դատաքննության ավարտը:

(21-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 22. Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու կարգը

 

1. Սույն օրենսգրքի 21 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: Ինքնաբացարկը պետք է լինի պատճառաբանված:

2. Դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը ներկայացվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը:

3. Նույն հիմքով դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն կրկին ներկայացնել չի թույլատրվում:

(22-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 23. Ինքնաբացարկի միջնորդության լուծման կարգը

 

1. Ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու դեպքում գործի քննությունը ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Նիստը կարող է ընդհատվել ոչ ավելի, քան երեք օրով։

2. Նույն հիմքով հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը չի քննարկվում:

3. Հայտնված ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքներով դատավորը կամ ինքնաբացարկ է հայտնում, կամ կայացնում է որոշում միջնորդությունը մերժելու մասին:

(23-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 24. Ինքնաբացարկի հետևանքները

 

1. Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատական նիստը հայտարարվում է փակված։ Դատավորի ինքնաբացարկի դեպքում դատավորը փոխարինվում է նույն դատարանի մեկ այլ դատավորով:

2. Ինքնաբացարկի արդյունքում փոխարինված դատավորը կամ նորացված դատական կազմը գործի քննությունն իրականացնում է սկզբից:

(24-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 25. Հայտարարված ինքնաբացարկի և բացարկի լուծման կարգը

 

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 26. Ինքնաբացարկի և բացարկի բավարարման հետևանքները

 

(26-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)

(հոդվածն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Հոդված 27. Գործին մասնակցող անձանց կազմը

 

Գործին մասնակցող անձինք են`

1) կողմերը.

2) երրորդ անձինք.

3) դիմողները` սույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

 

Հոդված 28. Գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները

 

1. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`

1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.

2) հայտնել բացարկներ.

3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.

4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.

5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.

6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.

7) բողոքարկել դատական ակտերը.

8) օգտվել սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:

2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:

3. Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

4. Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(28-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101, 07.07.05 ՀՕ-154-Ն)

 

Հոդված 29. Կողմերը

 

1. Քաղաքացիական դատավարության (այսուհետ` դատավարություն) կողմերն են հայցվորը և պատասխանողը:

2. Հայցվորներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք հայց են հարուցել:

3. Պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

4. Կողմերն ունեն հավասար դատավարական իրավունքներ և կրում են հավասար դատավարական պարտականություններ:

 

Հոդված 30. Գործին մի քանի հայցվորի կամ պատասխանողի մասնակցությունը

 

1. Հայցը կարող է հարուցվել մի քանի հայցվորի (համահայցվորներ) կողմից համատեղ կամ ընդդեմ մի քանի պատասխանողի (համապատասխանողներ):

2. Հայցվորներից և պատասխանողներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն:

3. Համահայցվորները կամ համապատասխանողները կարող են գործը վարելը հանձնարարել իրենցից մեկին:

 

Հոդված 31. Անպատշաճ կողմի փոխարինումը

 

1. Դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ, պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով:

2. Եթե հայցվորը համաձայն չէ իրեն ուրիշ անձով փոխարինելուն, ապա այդ անձը կարող է գործին մասնակցել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ:

3. Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին ուրիշ անձով փոխարինելուն, դատարանը կարող է այդ անձին մասնակից դարձնել որպես երկրորդ պատասխանող:

4. Անպատշաճ կողմին փոխարինելուց հետո գործի քննությունն սկսվում է սկզբից:

 

Հոդված 32. Հայցի հիմքը կամ առարկան փոխելը, հայցային պահանջների չափը փոփոխելը, հայցից հրաժարվելը, հայցն ընդունելը

 

1. Եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը: Հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:

2. Պատասխանողն իրավունք ունի ամբողջովին կամ մասնակիորեն ընդունել հայցը:

(32-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 33. Կողմերի հաշտության համաձայնությունը

 

1. Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

 

Հոդված 34. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք

 

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Նրանք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները:

 

Հոդված 35. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք

 

1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափն ավելացնելու կամ նվազեցնելու, հայցից հրաժարվելու, հայցն ընդունելու կամ հաշտության համաձայնություն կնքելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքից:

 

Հոդված 36. Դատավարական իրավահաջորդությունը

 

1. Դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:

2. Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:

 

Հոդված 37. Պետական մարմինների մասնակցությունը գործին

 

1. Պետական մարմիններն իրավունք ունեն դատարան դիմել պետության գույքային շահերի պաշտպանության հայցով:

2. Հայց հարուցած պետական մարմինն օգտվում է հայցվորի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:

3. Դատախազը պետության գույքային շահերի պաշտպանության հայց է հարուցում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:

(37-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Հոդված 38. Տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը գործին

 

1. Համայնքի ղեկավարն իրավունք ունի դատարան դիմել համայնքի գույքային շահերի պաշտպանության հայցով:

2. Հայց հարուցած համայնքի ղեկավարն օգտվում է հայցվորի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Հոդված 39. Գործերի վարումը ներկայացուցիչների միջոցով

 

1. Քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից:

2. Դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները:

3. Իրավաբանական անձանց ղեկավարները կամ նրանց կանոնադրությանը համապատասխան` իրավաբանական անձի շահերը ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձինք դատարան են ներկայացնում իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:

 

Հոդված 40. Անձինք, որոնք կարող են ներկայացուցիչներ լինել դատարանում

 

1. Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

2. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-233-Ն)

(40-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-341-Ն)

 

Հոդված 41. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը և հաստատումը

 

1. Քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

2. Կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ։

3. Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև՝ գրավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը:

4. Օրինական ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են իր կարգավիճակը հավաստող փաստաթղթով:

(41-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-110-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-50-Ն)

 

Հոդված 42. Ներկայացուցչի լիազորությունները

 

Դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ`

1) ստորագրելու հայցադիմումը.

2) գործը հանձնելու արբիտրաժային տրիբունալին.

3) ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից և ընդունելու հայցը.

4) փոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը.

5) փոխելու հայցային պահանջների չափը.

6) կնքելու հաշտության համաձայնություն.

7) այլ անձի փոխանցելու լիազորությունները (վերալիազորում).

8) բողոքարկելու դատական ակտը.

9) դիմելու իրավասու անձանց` վճռաբեկ բողոք բերելու խնդրանքով:

Սույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

(42-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-61-Ն)

 

Հոդված 43. Օրինական ներկայացուցիչները

 

1. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք դատարան են ներկայացնում իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր:

Այն գործով, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես նրա ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը:

Այն գործով, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված քաղաքացու ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոք դեռևս չի ընդունել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը:

2. Օրինական ներկայացուցիչները և ի պաշտոնե ներկայացուցչություն իրականացնող անձինք կարող են դատարանում գործը վարելը հանձնարարել իրենց կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ այլ անձի:

(43-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

 

Կարդալ շարունակությունը arlis.am կայքում
الاتصال بنا