Զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցողների աշխատատեղերը կպահպանվեն

12 Հոկտեմբեր, 2020

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված և կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցող անձանց իրավունքների լիակատար կարգավորման և պաշտպանության նպատակով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:

Զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաև որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցող աշխատողների համար սահմանվել են հետևյալ երաշխիքները․  

զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը):

Վերոնշյալ ժամանակահատվածը ներառվելու է աշխատողների աշխատանքային ստաժում:

Ինչ վերաբերում է վերոնշյալ ժամանակահատվածում աշխատողների վարձատրությանը, ապա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված և կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցող անձինք ստանալու են վարձատրություն ՀՀ պետական բյուջեից, որի չափը հաշվարկվելու է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով: 

Միաժամանակ, աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար գործատուն ևս կարող է կողմերի համաձայնությամբ վարձատրել աշխատողին:

Այս և մի շարք այլ փոփոխություններ սահմանող «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2020թ. հոկտեմբերի 9-ին և գործողությունը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը կնքված աշխատանքային պայմանագրերից (անհատական իրավական ակտերից) ծագած և  դրա ուժի մեջ մտնելու պահին շարունակվող աշխատանքային հարաբերությունների վրա:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ