«AM» իրավաբանական ընկերությունը համագործակցության հուշագիր է կնքել Հայաստանի ներդրումային խորհրդի հետ՝ խորացնելով արդեն իսկ ձևավորված համագործակցությունը։
«AM»-ի բաժնետեր Վանիկ Մարգարյանի առաջարկությամբ Հայաստանի ներդրումային խորհուրդը, կարճ ժամանակում որակյալ աշխատանք կատարելով և նախագիծ մշակելով, սկսել է աշխատել օպցիոնի պայմանագրերը ՀՀ օրենսդրությամբ կարգավորելու ուղղությամբ, որի արդյունքները շուտով տեսանելի կլինեն:
Նման դրական փորձը ցույց է տալիս, որ մասնավորի կողմից մատնանշվող իրավական խնդիրները գտնվում են ներդրումային խորհրդի ուշադրության կենտրոնում, և նմանատիպ համագործակցությունը ապահովում է բարձր արդյունավետություն:
Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
Օպցիոնի պայմանագրով մի կողմը (օպցիոն տնօրինողը) իրավունք է ստանում օպցիոնի պայմանագրով նախատեսված պայմաններով և ժամկետում (օպցիոնի գործողության ժամկետում) պայմանագրի մյուս կողմից պահանջել կատարել օպցիոնի պայմանագրով նախատեսված գործողությունները (այդ թվում՝ վճարել գումար, որոշակի պայմաններով սեփականության կամ այլ իրավունքով փոխանցել կամ ընդունել գույք, այդ թվում գույքային իրավունքներ), և եթե օպցիոն տնօրինողը օպցիոնի գործողության ժամկետում պայմանագրով սահմանված պահանջ չի ներկայացնում, ապա օպցիոնի պայմանագիրը համարվում է օրենքի ուժով դադարած։
Օպցիոնի պայմանագրով կարող է նախատեսվել, որ օպցիոնի պայմանագրով սահմանված պահանջը համարվում է ներկայացված՝ այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում: