ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՆՍԵՄԱՑՆԵԼ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

11 Փետրվար, 2016

Վերջին  շրջանում  զարմանալի է տեսնել «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան»  հասարակական կազմակերպության հայտարարությունը «Զվարթնոցի արծիվ» քանդակի հետ կապված,  որով  փորձ է արվում կասկածի տակ դնել Երվանդ  Քոչարի համահեղինակությունը: Հայտարարության հեղինակներն  իրենց խոսքն ավելի լսելի դարձնելու համար օգտագործել են վիրավորանքներ և վարկաբեկող արտահայտություններ, ինչի հետ կապված Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանական ընկերությունը:

«Զվարթնոցի արծիվ» քանդակը հրապարակման (տեղադրման) պահից հայտնի է եղել որպես Երվանդ Քոչարի և Ռաֆայել Իսրայելյանի համահեղինակությամբ ստեղծված աշխատանք, ինչը հանրահայտ փաստ է և հաստատվում է ինչպես բազմաթիվ գրքերով, տպագիր մամուլի հոդվածներով, վկայություններով, այնպես էլ պատմության և մշակույթի հուշարձանների ռեեստրի վկայագրով, որոնց համաձայն քանդակի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, իսկ քանդակագործը` Երվանդ Քոչարը (նյութերից մի քանիսը կցվում են սույն հայտարարությանը): «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն քանդակի նկատմամբ սահմանվում  է երկու արվեստագետների համահեղինակության իրավունքը: 

Երվանդ Քոչարի թանգարանը, ինչպես նաև ժառանգները երբևէ չեն ներկայացրել «Զվարթնոցի արծիվը» որպես բացառապես Քոչարի աշխատանք և միշտ բարեխղճորեն նշել են երկու համահեղինակներին: Պետք է նշել, որ  Ռաֆայել Իսրայելյանը և Երվանդ Քոչարն  իրենց կենդանության օրոք ևս որևէ կերպ չեն վիճարկել այդ փաստը:

«Զվարթնոցի արծիվ» ուղենիշ կոթողով յուրաքանչյուրս կարող էինք հպարտանալ որպես երկու մեծագույն արվեստագետների համագործակցության արդյունք, մինչդեռ այսօր, օգտագործելով երկու մեծերի անունները, փորձ է արվում վնասել նրանց թողած մշակութային ժառանգությանը:

 «AM» իրավաբանական ընկերությունը պաշտպանելու է Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների հեղինակային իրավունքները,  պատիվն ու արժանապատվությունը և հետամուտ է լինելու, որ նմանատիպ հրապարակումներն անհետևանք չմնան նաև իրավական հարթությունում:

passport 1Passport 2Newspaper 1Newspaper 2

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ