Գրիգոր Մինասյան. «Մարդու իրավունքների վիճակի բարելավումը ուղիղ համեմատական է քաղաքական համակարգի բարեփոխմանը»

5 Փետրվար, 2014www.aravot.am

ՀՀԿ անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակում ներգրավված, AM իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը պատասխանեց Aravot.am-ի հարցերին՝ կապված Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հրապարակված «Մարդու իրավունքները Հայաստանում 2013» զեկույցի հետ, ըստ որի` մարդու իրավունքների ասպարեզում, 2013 թվականին Հայաստանը առաջընթաց չի ունեցել, ընտրություններում եւս առաջընթաց չկար, խաղաղ հավաքների բնագավառում` հետընթաց էր, 2013 թվականը աչքի է ընկել քաղաքական հետապնդումներով եւ այլն: Եվ այս գնահատականը կրկնվել է ոչ միայն տեղական, այլեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: 

Մարդու իրավունքների վիճակի բարելավման համար, արդյոք պե՞տք է բարեփոխումներ անել Հայաստանի քաղաքական համակարգում, հարցին պատասխանելով՝ Գրիգոր Մինասյանն ասաց. «Համաձայն չեմ ձեր հնչեցրած մի շարք գնահատականների հետ, քանի որ դրանք ծայրահեղացված են, սեւացնում են ամեն ինչ եւ ամեն դրականը, որ եղել է անցյալ տարի, իսկ առանձին դեպքերում պարզապես ճշմարիտ չեն: Օրինակ` նույնիսկ ամենախիստ քննադատություններ պարունակող միջազգային կազմակերպությունների զեկույցներում հատուկ շեշտվում էր, թե որքան ավելի լավ էին կազմակերպված 2013 թվականի ընտրությունները, կամ` որքան առաջընթաց է գրանցվել ընտրությունների ժամանակ խոսքի և հավաքների ազատության իրացման ոլորտում: 

Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա պետք է համաձայնվեմ, որ մարդու իրավունքների վիճակի բարելավումը ուղիղ համեմատական է քաղաքական համակարգի բարեփոխմանը: Մեր մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ կդառնա այն դեպքում, երբ քաղաքական ուժերը ի վիճակի լինեն քննարկել, խորքային ընկալել եւ կառուցողական լուծումներ առաջարկել համակարգային լուրջ խնդիրների շուրջ: Ցավոք, Հայաստանում դեռևս լիարժեք կայացած չէ խնդիրների լուծման քաղաքակիրթ քաղաքական մեխանիզմը»: 

Հաջորդ հարցին էլ`չե՞ք կարծում, որ ՀՀ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարելավում ունենալու համար անհրաժեշտ են սահմանադրական եւ օրենսդրական բարեփոխումներ, Գրիգոր Մինասյանը պատասխանեց. 

«Համաձայն եմ, դա այդպես է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամենուր: Այդ գործընթացը անվերջ է ու անդադար նույնիսկ ամենազարգացած ժողովրդավարական երկրներում, եւ կարծում եմ, որ այդ գործընթացի մաս են կազմում նաեւ Հայաստանի նախագահի կողմից բոլորովին վերջերս ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը եւ սպասվող սահմանադրական փոփոխությունները»: 

Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացի բացակայության հիմնական պատճառն արդյոք ա՞յն չէ, որ իշխանությունների տարանջատում գոյություն չունի, դե յուրե Հայաստանի դատական համակարգը կախված է ՀՀ նախագահից եւ սահմանադրորեն նշված է, որ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանն ու ապահովում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն աշխատանքը` հարցի հետ կապված էլ`Գրիգոր Մինասյանը գտնում է, որ հենց դե յուրե դատական համակարգը լիարժեք անկախ է իշխանության բոլոր մյուս թեւերից, միաժամանակ. «Դե ֆակտո բոլոր դատավորները չէ, որ անկախ են երրորդ անձանց ճնշումներից, կողմնակի ազդեցություններից եւ իրենց գործունեությանը անհարկի միջամտություններից: Լիովին համաձայն եմ, որ մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը պարզապես անհնար է առանց անկախ եւ արդար դատարանի, այսինքն` այնպիսի համակարգի, որտեղ դատավորների գերակշիռ մեծամասնությունը կայացնում է անշահախնդիր, անկողմնակալ եւ օրինական վճիռներ: 

Իմ փաստաբանական գործունեության ընթացքում մենք հաճախ ենք հանդիպում նման վճիռների, բայց, ցավոք, դրանք դեռեւս գերակշիռ մեծամասնություն չեն կազմում»: 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ 



Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ