Խաղի ավագների և հովանավորների քվեարկության արդյունքում աշնանային եթերաշրջանի լավագույնն է ճանաչվել մեր փաստաբանի կողմից ներկայացված հարցը։ Այն վերաբերել է 20-րդ դարասկզբին Թալեաթ փաշային գնդակահարած և Գերմանիայի դատարանի կողմից արդարացված հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի լուսանկարի պատմությանը:
Խաղի ժամանակ հարցը հնչեցվել է հետևյալ կերպ․ «Այս լուսանկարն արվել է նախորդ դարի 50-ական թվականներին: Տարիներ անց Խորհրդային Հայաստանի պարբերականներից մեկում տպագրված հոդվածում նշվում է, որ երբ այս տղամարդը դիրք է ընդունում ֆոտոխցիկի առջև, լուսանկարիչն առաջարկում է նրան լուսանկարվել նման դիրքով: Ո՞վ է լուսանկարում պատկերված տղամարդը:»
Հարցի պատասխանն է. «Երբ տղամարդը դիրք է ընդունում ֆոտոխցիկի առջև, լուսանկարիչն առաջարկում է առաջ պարզել այն մատը, որով սեղմել էր ատրճանակի ձգանը՝ Թալեաթ փաշային գնդակահարելիս։ Այդ մարդը Սողոմոն Թեհլերյանն է»:
Լավագույն հարցի համար Լևոն Սահակյանն արժանացել է «Մարմարե արծիվ» և մի շարք այլ արժեքավոր մրցանակների: