Տնօրենի անգործության պատճառով ընկերությունը նյութական վնաս էր կրել․ դատարանը բավարարեց «AM» իրավաբանական ընկերության հայցերը

17 Հունիս, 2020

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արթուր Ստեփանյանի նախագահությամբ  որոշում է կայացրել բավարարել «AM» իրավաբանական ընկերության կողմից  վարկային կազմակերպության նախկին տնօրենի դեմ երկու տարբեր քաղաքացիական գործերով ներկայացված հայցերը:

Վարկային կազմակերպության ղեկավարությունը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ տեղեկացնելով, որ նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում կատարել էր ապօրինի գործողություններ՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափի վնաս:

Վարկային կազմակերպության կողմից այլ ընկերությանը տրամադրվել էր վարկ, սակայն հետագայում այդ ընկերությունը սնանկ էր ճանաչվել։ Տնօրենը ՀՀ Կենտրոնական բանկից ծանուցվել էր այդ մասին, սակայն որևէ քայլ չէր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։ Արդյունքում՝ վերոնշյալ  ընկերությունը լուծարվել էր, իսկ գրավի առարկայի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները դատարանի վճռով վերացվել էին՝ կազմակերպությանը պատճառելով շուրջ 31.000 ԱՄՆ դոլարի վնաս:

Երկրորդ դեպքում կրկին տրամադրվել էր վարկ մեկ այլ ընկերության, սակայն տնօրենը, չունենալով լիազորություններ, առանց իրավական հիմքերի և վարչության համաձայնության դադարեցրել էր տույժերի հաշվարկը՝ ընկերությանը պատճառելով շուրջ 44.000 ԱՄՆ  դոլարի վնաս։

«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանը, ուսումնասիրելով գործի բոլոր հանգամանքները, պարզել էր, որ ընկերության նախկին տնօրենը,  ով ի պաշտոնե լիազորված էր գործելու ի շահ կազմակերպության, ցուցաբերել է անգործություն, իսկ մյուս դրվագով թերացել է իր պարտականությունները իրականացնելիս, որի  հետևանքով ընկերությանը պատճառվել էր շուրջ 75.000 ԱՄՆ դոլարի  չափով նյութական վնաս։

Երեք ու կես տարի տևած դատաքննության ընթացքում ընկերության նախկին տնօրենն այդպես էլ չի ընդունել իր մեղավորությունը, ավելին՝ վերջինս հարկադիր կերպով սնանկ էր ճանաչվել:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ տնօրենը խնդրել էր դատարանից քննվող երկու քաղաքացիական գործերով վարույթները կարճել:

«AM» իրավաբանական ընկերության կողմից ներկայացվել էին առարկություններ վերոնշյալ  միջնորդությունների դեմ՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը կապված սնանկ ճանաչված անձի պարտատերերի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ 2-րդ մասի 2-րդ պարբերության կիրառելիության վերաբերյալ։  Փաստաբան Պայծառ Քոչարյանը խնդրել էր չկարճել գործի վարույթը և  շարունակել գործի քննությունը:

Գործի քննության արդյունքում դատարանը որոշում կայացրեց բավարարել «AM» իրավաբանական ընկերության  հայցն ամբողջությամբ` պարտավորեցնելով տնօրենին հատուցել իր կողմից պատճառված վնասն ամբողջությամբ։

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ