Բժշկուհուն ազատել էին աշխատանքից. «AM»-ի ջանքերով նա վերականգնվեց իր պաշտոնում

17 Օգոստոս, 2020
ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում բժիշկ-մանրէաբանի աշխատանքը կատարող Վիկտորյա Չոլակյանսը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ հայտնելով, որ կազմակերպությունն իր պայմանագիրը լուծել էր վստահությունը կորցնելու հիմքով:
Մեր ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանի կողմից ներկայացվեց հայցադիմում՝ պայմանագիրը լուծելու վերաբերյալ կայացված որոշումն անվավեր ճանաչելու, Վիկտորյա Չոլակյանսին նախկին աշխատանքին վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին: Ներկայացված հայցով փաստեցինք և հիմնավորեցինք, որ աշխատանքային պայմանագիրը լուծվել էր ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների խախտմամբ: Գործատուն անհատական ակտ կայացնելիս չէր մատնանշել աշխատանքային պայմանագիրը լուծելու որևէ փաստական հիմք, հանգամանք: Աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս չէր պահպանել ՀՀ օրենսդրությամբ դրան առաջադրված պահանջները, բացի այդ, մեր կարծիքով, առկա չէր վնաս, գույքի կորուստ, որը կարող էր հանգեցնել վստահության կորստի: Ուսումնասիրելով կարգապահական տույժի հիմքում դրված գույքագրման ընթացակարգը՝ պարզեցինք, որ այն ևս կատարվել է «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի թիվ 2 հրամանի պահանջների խախտմամբ:
Դատավարության ընթացքում պատասխանող կողմը ոչ միան չընդունեց հայցվորի պահանջը, այլև փորձելով իր գործողությունները հիմնավորել` կայացրեց ևս մեկ հրաման: Կայացված հրամանով, որը նախատեսում էր լրացում վիճարկվող անհատական ակտում, գործատուն որոշել էր Վիկտորյա Չոլակյանսի լուծված պայմանագիրը կրկին լուծել՝ ընթացք տալով նրա կողմից վաղուց ներկայացված աշխատանքային պայմանագիրը լուծելու դիմումին:
Ստանալով հետաքրքիր գաղափարի արդյունք հանդիսացող հրամանը՝ «AM»-ի փաստաբանը լրացրեց հայցի հիմքը և առարկան՝ խնդրելով նաև անվավեր ճանաչել թվով երկրորդ ակտը` հիմնավորելով, որ նախ` երկրորդ հրամանը կայացնելիս Վիկտորյա Չոլակյանսը գործատուի աշխատակիցը չէր հանդիսանում, հետևաբար անհնար էր նման հրամանի կայացումը, բացի այդ, տվյալ հրամանը կրկին չէր պարունակում որևէ փաստացի տվյալ: Առաջ քաշելով «Նորմատիրվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ դատարանին խնդրեցինք երկրորդ հրամանը ևս անվավեր ճանաչել:
Գործի քննության ընթացքում գործատուն չկարողացավ որևէ ապացույցով հիմնավորել իր գործողությունների օրինաչափությունը: Դատարանը, վճռի պատճառաբանական մասում անդրադառնալով մեր կողմից մատնանշված փաստարկներին առանձին կերպով, համարեց ամբողջը հիմնավոր և արդյունքում բավարարեց հայցը գրեթե ամբողջապես՝ մերժելով միայն 155 ՀՀ դրամի չափով ավել ներկայացված հարկադիր պարապուրդի գումարի վճարումը:
Չնայած գործատուի կողմից դրսևորված բոլոր ջանքերին՝ մեր վստահորդն ամբողջապես վերականգնեց իր խախտված իրավունքները:
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ