Իրավապահ մարմիններն ամիսներ շարունակ չէին վերադարձնում տուժողի ավտոմեքենան՝ փորձելով ցուցմունք կորզել. «AM»-ը հերթական անգամ հաջողություն է գրանցել

15 Դեկտեմբեր, 2020

Ամիսներ առաջ Կոտայքի մարզում տեղի ունեցած դանակահարության հետևանքով սպորտի վարպետ հանդիսացող ՀՀ քաղաքացու առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում մեղադրյալը տվել էր ինքնախոստովանական ցուցմունք:

ՀՀ վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով կողմերի միջև հաշտությունը, ազատ էր արձակել մեղադրյալին, սակայն վարույթն իրականացնող մարմինը, չհաշտվելով ստեղծված իրավիճակի հետ և ցանկանալով վրեժխնդիր լինել տուժողից, նրան նույնպես մեղադրանք էր առաջադրել՝ իբրև թե դանակահարողի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար:

Քննիչը տուժող կողմից պահանջում էր հայտնել, թե ովքեր են եղել իր ընկերները, որոնք ներկա են գտնվել դեպքին: Տուժողը, որը քրեական գործի շրջանակում հետագայում ուներ նաև մեղադրյալի կարգավիճակ, օգտվելով դատավարական իր իրավունքից, հրաժարվել էր այդ մասին ցուցմունք տալուց: Ի պատասխան՝ քննիչն իր հերթին հրաժարվում էր վերադարձնել տուժողից առգրավված ավտոմեքենան:

Նույնիսկ պատերազմի օրերին իրավապահ մարմնի ներկայացուցիչները, քաջ գիտակցելով, որ տուժողը ակտիվ կազմակերպչական աշխատանքներ է իրականացնում Արցախից Հայաստան տեղափոխված մեր բազում հայրենակիցներին կացարանով ապահովելու ուղղությամբ, և որ այդ պահին ավտոմեքենայի կարիքը զգացվում էր առավել քան երբևէ, համառորեն հրաժարվում են այն վերադարձնել սեփականատիրոջը՝ ավտոմեքենան պահելով բացօթյա տարածքում՝ անձրևի և արևի տակ:  

«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանը, հանդիսանալով տուժողի ներկայացուցիչը, մինչ Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմը բողոքարկել էր քննիչի որոշումը, սակայն դատախազը մերժել էր ներկայացված բողոքը: Հետագայում  փաստաբանի ջանքերի շնորհիվ տուժողի նկատմամբ իրականացվող անհիմն քրեական հետապնդումը դադարեցվեց, իսկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված բողոքը բավարարվեց ամբողջությամբ: Շուրջ 8 ամիս անհիմն կերպով առգրավված ավտոմեքենան վերջապես վերադարձվեց սեփականատիրոջը:

Այժմ «AM» իրավաբանական ընկերության փաստաբանները մեքենայի սեփականատիրոջ հետ քննարկում են իրավապահների կողմից պատճառված վնասի հատուցման համար դատարան դիմելու հարցը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ