«AM»-ի փաստաբանի ջանքերով և դատավորի արդար որոշմամբ պաշտոնատար անձը շուտով կվերականգնվի իր պաշտոնում

25 Դեկտեմբեր, 2020

2019թ. հուլիսին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 311-րդ և 312-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, ինչպես նաև նրան կաշառք տալու դեպքերի առթիվ։

«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանը ստանձնել էր պաշտոնատար անձի պաշտպանությունը:

Քրեական գործի հարուցումից 5 ամիս անց նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել պաշտոնյային, որից հետո ամիսներ շարունակ չկարողանալով հիմնավորել շինծու մեղադրանքը՝ դատախազը 2020թ. ապրիլին որոշում էր կայացրել կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը և ժամանակավոր դադարեցնել մեղադրյալի պաշտոնավարությունը։

Դատախազը քրեական գործը հարուցելուց շուրջ 9 ամիս անց եզրակացրել էր, թե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը, շարունակելով պաշտոնավարել,  կխոչընդոտի նախաքննությանը,  մինչդեռ  գործում առկա չէր  որևէ տվյալ, որով կհիմնավորվեր դատախազի նման ենթադրությունը։

Պաշտպանական կողմը եկել էր այն եզրահանգման,  որ քրեական գործի հարուցումից 9 ամիս անց դատախազության անհիմն ու ինքնանպատակ որոշմամբ խախտվել է անձի աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքից անհիմն ազատվելու դեմ պաշտպանության և արժանապատիվ գոյության սահմանադրական իրավունքները։

Փաստաբան Լևոն Սահակյանը որոշումը վերադաս դատախազին բողոքարկելուց և մերժում ստանալուց հետո դիմել էր  դատարան, սակայն առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ա.  Մաթևոսյանի նախագահությամբ, կրկին մերժել  էր  ներկայացված բողոքը։

«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանը բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Մ.  Պապոյանի նախագահությամբ, բավարարելով ներկայացված բողոքը՝ որոշում է կայացրել մեղադրյալի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու վարույթ իրականացնող մարմնի համապատասխան պարտականության մասին, ինչի արդյունքում մոտ օրերս պաշտոնատար անձը կվերականգնվի իր նախկին պաշտոնին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:

«AM» իրավաբանական ընկերությունը շարունակելու է օրենքի սահմաններում իրականացնել բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի վերջնականապես դադարեցվի անհիմն քրեական հետապնդումը և վերականգնվի անձի բարի անունը։

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ