«Պաշտպանը, ավելի քան դատավարության մյուս մասնակիցները, պարտավոր է հարգել իր պաշտպանյալի արժանապատվությունը, պաշտպանել նրա ինքնասիրությունը և հանդես գալ նրա պաշտպանության օգտին: Պաշտպանը մեղադրյալի ընկերն է, խորհրդականը»[1]:
Մարդկային հասարակության ձևավորման առաջին օրերից հասարակության անդամների միջև ձևավորվել են որոշակի հարաբերություններ, որոնք ենթարկվել են սոցիալական կարգավորիչների` սովորույթների, ավանդույթների, արարողակարգերի, կրոնական պատվիրանների, բանավոր ասացվածքների, լեգենդների, բարոյականության, իրավունքի նորմերի ազդեցությանը: Այս սոցիալական կարգավորիչները, բացի հիմնական` կարգավորիչ գործառույթից, կատարում են նաև գնահատողական գործառույթ. երևույթներն ու իրադարձությունները գնահատում որպես բարի և չար, արժանի ու անարժան, արդար ու անարդար, անդրադառնում պարտքին, պատասխանատվությանը, պատվին ու արժանապատվությանը և այլն: Իսկ այստեղ առաջնային են հենց բարոյական նորմերը: Ինչպես բնորոշում է Ա.Ն. Կոբլիկովը. «Բարոյականության նորմերը սոցիալական նորմեր են, որոնք կարգավորում են հասարակության մեջ մարդու վարքագիծը, նրա հարաբերություններն այլ մարդկանց ու հասարակության հետ: Դրանց կատարումն ապահովվում է հասարակական կարծիքի, ներքին համոզվածության ուժով` հիմնված բարու և չարի, արդարի ու անարդարի, բարեգործության ու մեղքի, անհրաժեշտի ու քննադատելիի վերաբերյալ տվյալ հասարակության պատկերացումների վրա»[2]: Իսկ առավել բարձր բարոյական պահանջների անհրաժեշտությունը, հետևաբար և հատուկ մասնագիտական բարոյականության անհրաժեշտությունը, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, առաջին հերթին վերաբերում է բժշկական, իրավաբանական, մանկավարժական, գիտական, լրագրողական և գեղարվեստական գործունեության տեսակներին, այսինքն, այն բնագավառներին, որոնք անմիջականորեն կապված են անհատի դաստիարակության ու պահանջմունքների բավարարման հետ: Իրավաբանական էթիկայի տեսակներից փաստաբանական էթիկան միշտ էլ եղել է գիտնականների ու պրակտիկ աշխատողների ուշադրության կենտրոնում: Դա հավանաբար բացատրվում է նրանով, որ փաստաբանի գործունեության ընթացքում առավել հաճախ և արտահայտված, քան իրավաբանի ցանկացած այլ տեսակի գործունեության ընթացքում, առաջանում են իրավիճակներ, որոնց ճիշտ լուծումը կախված է ոչ միայն իրավական նորմերի պահանջները, այլև առաջին հերթին հենց բարոյական նորմերի ու սկզբունքների պահանջները պահպանելուց: Հասարակության մեջ փաստաբանության հեղինակության բարձրացման ու ամրապնդման համար փաստաբաններից պահանջվում է էթիկայի նորմերի խստագույնս պահպանում նաև վստահորդի հետ հարաբերոււթյուններում, քանի որ, ինչպես Նիցշեն է ասել. «Հանցագործների դեմ մեր հանցագործությունը նրանց` որպես սրիկաների վերաբերվելն է»[3]: Փաստաբանին կարելի է համեմատել «Ծիծաղի սենյակի» հայելիների հետ, որոնք կարողանում են ամեն կերպ աղավաղել իրենց միակողմանիորեն ներկայացված պատկերների արտաքին տեսքը` անզոր գտնվելով փոփոխել դրանց գույները, և միևնույն ժամանակ չտեսնելով դրանց մյուս կողմը: Վստահորդի ներկայացրած փաստերը փաստաբանը կարող է ներկայացնել այլ հարթությունից, օգտագործել դրանք ի շահ վստահորդի, բայց հենց որ այդ միջոցներն անցնեն «օրինականի» սահմանները, փոխվեն դրանց գույները, «կխախտվեն խաղի կանոնները»: Վստահորդի հետ հարաբերությունների առաջին իսկ պահից փաստաբանը պարտավոր է բացատրել նրան «խաղի կանոնները»` նշելով դրանց խախտելու հետևանքները: Դրա համար նախ պետք է պարզել` փաստաբանն իրավունք ունի՞ ընդունել վստահորդի հանձնարարությունը: Փաստաբանության մասին ՀՀ օրենքի /այսուհետև` Օրենք/ 20-րդ հոդվածի համաձայն նա այդ իրավունքը չունի, եթե հանձնարարությունն ակնհայտ անօրինական բնույթ է կրում, վստահորդի հետ կնքած պայմանագրի առարկայի շուրջ փաստաբանն ինքնուրույն շահ ունի, որը տարբերվում է վստահորդի հետապնդած շահից, առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդի շահերի միջև, տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը, ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձից, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ գործի քննությանը, պետք է ներկայացնի վստահորդի շահերը որևէ գործում, և այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը: ՀՀ փաստաբանի վարքագծի կանոնագիրքն /այսուհետև` Կանոնագիրք/ այս հիմքերին ավելացնում է, որ փաստաբանը պետք է նկատի ունենա հանձնարարությունը կատարելու իր մասնագիտական հնարավորությունները, չպետք է ընդունի հանձնարարությունը, եթե զբաղվածության կամ որևէ այլ պատճառով չի կարող ապահովել հանձնարարության բարեխիղճ և ժամանակին կատարումը /13-րդ հոդված/: Այս հիմքերից բացի որպես հանձնարարության կատարումը մերժելու հիմք տեսական գրականության մեջ նշվում է նաև այն դեպքը, երբ փաստաբանը վստահ է, որ տվյալ գործով ինքը կարող է հարցաքննվել որպես վկա[4]: Պետք է ավելացնել, որ այս դեպքում փաստաբանը պետք է հաստատապես համոզված լինի դրանում, դա չպետք է կապված լինի փաստաբանական գաղտնիքի հետ և, ինչպես Բոյկովն է ասում, նա պետք է գիտակցի, որ «…այդ գործով կարող է լինել անփոխարինելի վկա»[5]։ Դ.Պ. Վատմանը նշում է, որ այն դեպքում, երբ ստանձնած հանձնարարությամբ փաստաբանի դիրքորոշումը պետք է հիմնվի օրենքի այնպիսի մեկնաբանության վրա, որի մասին իրավաբանական գրականության մեջ նախկինում փաստաբանը բացասական կարծիք է հայտնել, նա իրավունք չունի ընդունել հանձնարարությունը [6]։ Սակայն սա չի կարող միանշանակ արգելք լինել. հնարավոր է, որ փաստաբանը հետագայում փոխած լինի իր դիրքորոշումը, կամ օրենքի մեկնաբանության վերաբերյալ ուժի մեջ մտած լինի Վերաքննիչ դատարանի նախադեպային որևէ որոշում և այլն: Վերը նշված հիմքերը չեն վերաբերում օրենքի այն բացերին և թերություններին, որոնց վերաբերյալ ժամանակին փաստաբանն արտահայտել է իր կարծիքը, քանի որ վստահորդի օրինական շահերը պաշտպանության իրականացումը օրենքի բացերի օգնությամբ չի հակասում ո´չ օրենքին, ո´չ փաստաբանական էթիկային[7]։ Այսպիսով, բացի վերը նշված դեպքերից, փաստաբանը միշտ պարտավոր է իրեն դիմած անձին ցույց տալ իրավաբանական օգնություն` անկախ այդ անձի անձնական հատկանիշներից, կատարած հանցագործության բնույթից և այլ հանգամանքներից:
«Փաստաբանը, որը պաշտպանությունից հրաժարվում է մեղադրյալի հանդեպ ունեցած անձնական հայացքների պատճառով, այդ րոպեին դառնում է դատավոր, որը մեղադրում է անձին մինչև դատավճռի կայացումը և արդարադատության կշեռքին է նետում իր կարծիքի ողջ ծանրությունը, գուցե և սխալ, բայց իր էությամբ ծանրակշիռ կարծիք, քանի որ այն արտահայտվել է փաստաբանի կողմից: Սեփական ընտրությունը կանգնեցնել բացառապես ազնիվ պաշտպանության վրա, վերցնել միայն այն գործերը, որոնց հաջողության մեջ կասկած չկա, նշանակում է ինքն իր համար ստեղծել անհաղթահարելիության ինչ-որ ռեկորդ. սա կարող է մեկնաբանվել որպես սեփական սնափառության բավարարում և մրցավազք` հանուն գովազդի»[8]։ Ինչպես Ա. Լևին է ասում, գործը ստանձնելիս փաստաբանն իրավունք չունի իրեն այս հարցը տալու. «Ինչու՞ ես պետք է աշխատեմ թեթևացնել այն մարդու ճակատագիրը, ով ծանրագույն հանցագործություն է կատարել, հատկապես եթե ես ամբողջովին համոզված եմ, որ նա այդ հանցագործությունը կատարել է, իսկ մեղմացնող հանգամանքները բացակայում են»: Իսկ եթե այնուամենայնիվ հարցը տրվում է, ապա պատասխանը պետք է լինի մեկը` դա է պահանջում իմ մասնագիտական պարտքը[9]։ Ինչպես ֆրանսիական կանոններն են ասում. «Ցանկացած մեղադրյալ պաշտպանության իրավունք ունի, և ամեն մի պաշտպանություն /այսինքն` ցանկացած գործով/ բարոյական է»[10]։
Հանձնարարության ընդունման պահին հանձնարարության օրինականության, վստահորդի շահի օրինական լինել-չլինելու վերաբերյալ գրականության մեջ հանդիպում ենք հակասական կարծիքների: Մեր կարծիքով, նախ պետք է տարբերակել քաղաքացիական /ներառյալ վարչական/ և քրեական գործերը: Քաղաքացիական գործերով փաստաբանի ազատությունն ավելի մեծ է: Անգամ եթե հանձնարարությունը ստանձնելու պահին հնարավոր չլինի որոշել դրա օրինականության հարցը, հետագայում ցանկացած պահի փաստաբանը կարող է հրաժարվել այն կատարելուց: Վստահորդի հետ կնքած պայմանագիրը քաղաքացիաիրավական գործարք է, և պայմանագրում նախատեսված պայմանների դեպքում կողմերից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս միակողմանիորեն դադարեցնել այն: Բայց եթե վստահորդը միշտ օգտվում է այս իրավունքից և պարտավոր չէ տեղեկացնել փաստաբանից հրաժարվելու հիմքերի մասին, ապա նույնը չի կարելի ասել փաստաբանի մասին: Այս հարցում Մ. Բարշևսկին, օրինակ, վստահորդից հրաժարվելու հիմքերը բաժանում է երկու խմբի. հիմքեր, որոնց դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվել վստահորդից /շահերի հակասություն, վստահորդի անօրինական արարքներ, ակնհայտ անհանդուրժողական վերաբերմունք փաստաբանի նկատմմաբ և այլն/ և հիմքեր, որոնց դեպքում փաստաբանն իրավունք ունի հրաժարվել /վստահության կորուստ, հետագա գործողությունների համար վստահորդի համաձայնությունը ստանալու անհնարինություն և այլն/[11]։ Միայն ավելացնենք, որ փաստաբանի հրաժարումը չպետք է հիմնված լինի, օրինակ, վստահորդի ծանր բնավորության, նրա առաջադրած հարցերի բազմաթվության, փաստաբանից կատարած աշխատանքի մասին մանրամասն զեկույց ներկայացնելու և նման այլ սուբյեկտիվ ու էթիկայի կանոնագրքով փաստաբանին ներկայացվող պահանջների խախտմամբ: Քաղաքացիական գործերով փաստաբանն իրավունք ունի հանձնարարությունից հրաժարվել ցանկացած ժամանակ և դատավարության ցանկացած փուլում, բացի մի դեպքից` հրաժարումն անթույլատրելի է այն ժամանակ, երբ գործի նյութերը դատարանի կողմից ամբողջովին ուսումնասիրվել են, դատաքննությունն ավարտվել է, և դատարանը հեռացել է վճիռ կայացնելու: Մեր կարծիքով, այս փուլում, երբ այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել, հանձնարարությունից հրաժարվելով` փաստաբանը հարվածի տակ է դնում ոչ միայն իր կողմից դատարանում պաշտպանած դիրքորոշման ճշմարտացիությունը, իր նկատմամբ վստահորդի վստահությունը, այլև ողջ փաստաբանության հեղինակությունը:
Այլ է հարցը քրեական գործերի դեպքում: Այս դեպքում պաշտպանյալի շահի օրինականությունը սուր քննարկումների առարկա է դարձել: Չմանրամասնելով այդ քննարկումների բովանդակությունը և ընդհանրացնելով դրանք` նշենք, որ մեղադրյալի օրինական շահի տակ պետք է հասկանալ այն ամենը, ինչը վկայում է մեղադրյալի օգտին, հերքում է մեղադրանքը և արդարացնում մեղադրյալին, մեղմացնում է նրա մեղքի ու պատասխանատվության աստիճանը, պաշտպանում առանց հիմնավոր պատճառի նրա նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելուց: Այդ է ասում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի /այսուհետև` ՀՀ քր. դատ. օր./ 6-րդ հոդվածի 28-րդ կետը, որը պաշտպանությունը բնութագրում է որպես դատավարական գործունեություն, որն իրականացնում է պաշտպանության կողմը` նպատակ ունենալով հերքել մեղադրանքը կամ մեղմացնել պատասխանատվությունը, պաշտպանել այն անձանց իրավունքներն ու շահերը, որոնց վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարում, ինչպես նաև նպաստել ապօրինաբար քրեական հետապնդման ենթարկված անձանց իրավունքների վերականգնմանը: Ինչ վերաբերում է վստահորդի շահերի պաշտպանության համար կիրառվող միջոցներին ու մեթոդներին, ապա այստեղ առկա են սահմանափակումներ: Փաստաբանն իրավունք չունի օգտագործել անօրինական միջոցներ, կեղծել ապացույցներ, կամ արդեն կեղծված ապացույցները ներկայացնել վարույթն իրականացնող մարմին, իրավունք չունի ճնշում գործադրել վկաների, տուժողի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, խրախուսել իր վստահորդի կամ նրա օգտին գործող այլ անձանց անօրինական գործողությունները կամ «աչք փակել» նման գործողությունների վրա /այս ամենը մեկ բառով այսուհեետև կանվանվի չստել/: Չստելու փաստաբանի պարտականությանը գիտնականներն ու պրակտիկ աշխատողներն անդրադարձել են դեռևս 19-րդ դարից, գրվել են աշխատություններ, կատարվել ուսումնասիրություններ[12]։ Նպատակին հասնելու միջոցների ու մեթոդների մասին հետաքրքիր է արտահայտվել Մ.Գ. Կազարինովը. «Եթե ես, պաշտպանելով շախամտի ձիուն[13], փորձեմ ապացուցել, որ ձին ուղիղ է քայլում, իսկ տախտակը ծուռ է, որ ձին սև չի, այլ սպիտակ, և սպիտակության պատրանք ստեղծելու համար ամբողջ շրջապատը սկսեմ ջանասիրաբար սևացնել, ապա այդպիսի պաշտպանությունը` հիմնված կեղծիքի ու ստի վրա, արժանի կլինի միայն քննադատության, այն քիչ կծառայի մեղադրյալի շահերին, իսկ իմ բարի հեղինակությանը կծառայի ավելի քիչ»[14]:
Փաստաբանը ոչ միայն պարտավոր է իրեն արժանապատվորեն և քաղաքավարի պահել, հետևել օրենքների պահանջներին ու էթիկայի նորմերին, այլև պարտավոր է ամբողջ ուժով նպաստել, որ նման վարքագիծ դրսևորի նաև իր վստահորդը: Եթե փաստաբանը ինչ-որ բան անթույլատրելի է համարում իր համար, չպետք է այդ նույն բանի կատարումը թույլ տա իր վստահորդին և առավել ևս դրդի դրա կատարմանը: Խոսքը վերաբերում է ոչ միայն անթույլատրելի ապացույցներին, այլև դատարանին, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին պարբերաբար վիրավորելուն, արդարադատության դեմ ուղղված այլ արարքներին: Նման վարքագծի նկատմամբ փաստաբանի անտարբեր վերաբերմունքը պետք է դիտել որպես էթիկայի նորմերի խախտում, քանի որ նման պայմաններում անտարբերության դրսևորումը կարող է նշանակել մի կողմից, որ նա ևս մասնակից է նման վարքագծին կամ պաշտպանում է այն, մյուս կողմից պաշտպանյալի նման վաքագիծը կարող է խոչընդոտել իր իսկ պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու գործին: Ինչպես Մ. Բարշևսկին է նշում. «Վստահորդի առջև փաստաբանի պարտականությունը նրա շահերի պաշտպանությունն է բոլոր օրինական միջոցներով ու եղանակներով, այդ թվում և պարտականությունը անվախ վեր հանել ցանկացած խնդիր, առաջ քաշել ցանկացած հակափաստարկ, տալ ցանկացած հարց` անգամ մերժվող, որն իր կարծիքով կարող է օգնել գործին: Նա պետք է աշխատի իր պաշտպանյալի համար հասնել առավելագույն արդյունքի` օգտագործելով օրենքով թույլատրված դատական պաշտպանության ցանկացած միջոց: Նշված նպատակներին պետք է միշտ հասնել արդար ու արժանի միջոցներով` դատարանի հետ լինելով արդար, քաղաքավարի, բարեկիրթ ու անաչառ»[15]: Ինչպես տեսնում ենք, փաստաբանին այնուամենայնիվ իրավունք տրվում է հրաժարվել հանձնարարությունից: Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն փաստաբանն իրավունք ունի հրաժարվելու վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն Փաստաբանության մասին ՀՀ օրենքով, ինչպես նաև վստահորդի հետ կնքած պայմանագրով նախատեսված դեպքերում: ՀՀ քր. դատ. օր. 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պաշտպանն իրավունք չունի ինքնակամ դադարեցնել իր լիազորությունները: Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն օրենսգրքերի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում ՀՀ մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին: Հետևաբար, եթե հետևենք օրենքի տրամաբանությանը, ստացվում է, որ պաշտպանությունը ստանձնելուց և պաշտպանյալի հետ պայմանագիր կնքելուց հետո պաշտպանը զրկվում է պայմանագիրը միակողմնիորեն դադարեցնելու հնարավորությունից, կամ ավելի ճիշտ, նա պայմանագիրն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել, սակայն դրանով նա չի դադարում իրավահարաբերության սուբյեկտ լինելուց: Այս մասին է վկայում ՀՀ քր. դատ. օր. 68-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ սպառիչ նշված են այն հիմքերը, որոնցով պաշտպանը դադարում է մասնակցել քրեական գործով հետագա վարույթին, որոնց թվում պայմանագրով նախատեսված հիմքերի մասին խոսք չկա: Չպետք է մոռանալ, որ, հատկապես քրեական գործերով, պաշտպանյալից բացի նրա ճակատագրով, որպես կանոն, հետաքրքրված են լինում նաև այլ անձիք` հարազատներ, ընկերներ, «գողական աշխարհի» ներկայացուցիչներ, ինչու չէ նաև թշնամիներ` մարդիկ, որոնք նպատակին հասնելու համար պատրաստ են օգտագործել ցանկացած միջոց, այդ թվում և անօրինական: Եթե դիտենք փաստաբանների կարգապահական պատասխանատվության վիճակագրական տվյալները, ապա կհանդիպենք այնպիսի բովանդակությամբ հաղորդումների, ինչպիսիք են ՔԿՀ արգելված իրեր մտցնելը[16]: Չէ՞ որ չի բացառվում, որ այդ և մի շարք այլ անօրինական արարքներ փաստաբաններն արած լինեն ոչ թե սեփական համոզմամբ ու հոժար կամքով, այլ, օրինակ, սպառնալիքի ներքո: Մեր կարծիքով, եթե պաշտպանության իրականացման ընթացքում փաստաբանից իրական սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով պահանջում են կատարել այնպիսի արարքներ, որոնք հակասում են օրենքին ու փաստաբանի վարքագծի կանոնագրքին /հիմքերը մանրամասն թվարկված են Կանոնագրքի 26-րդ հոդվածի 3-րդ մաում/, նա պետք է իրավունք ունենա հրաժարվել պաշտպանյալից: Իհարկե, ինչպես Մ. Մոլլոն է նշել, նման հրաժարումը պետք է արտահայտվի «հաշվենկատորեն ու շրջահայացությամբ, որպեսզի վստահորդին չզրկի այլ փաստաբան գտնելու հույսից»[17]։ Հասկանալով քրեական դատավարության օրենսգրքով նման հիմք նախատեսելու բոլոր հնարավոր բացասական հետևանքներն ու չարաշահումների հնարավորությունը` գտնում ենք, որ ՀՀ քր. դատ. օր.-ի 68-րդ հոդվածի վերոհիշյալ հիմքերի շարքում պետք է նախատեսվի նաև պայմանագրով նախատեսված լինելու հիմքը` պայմանով, որ նման հրաժարման դեպքում փաստաբանն այդ մասին 24 ժամվա ընթացքում հայտնի ՀՀ փաստաբանների պալատին: Վերջինիս պետք է հնարավորություն տրվի հրաժարման հիմքերի ոչ հիմնավոր լինելու դեպքում որոշակի ժամկետում վարույթ հարուցել և անհրաժեշտության դեպքում փաստաբանին պարտավորեցնել շարունակելու պաշտպանությունը: Մեր կարծիքով, ավելի լավ է, որպեսզի պաշտպանն իր պաշտպանյալից հրաժարվելու համար օգտվի օրենքով նախատեսված հնարավորությունից, քան թե սկսի հերթով խախտել վարքագծի կանոնագրքի նորմերը, մինչև որ պաշտպանյալը ստիպված լինի իրենից հրաժարվել:
Վստահորդի հետ հարաբերություններում, անկախ ամեն ինչից, փաստաբանն իրավունք չունի երաշխավորել գործի ելքը, խոստանալ պարտադիր հաղթանակ: Ինչպես Մ.Բ. Սմոլենսկին է ասում. «Միակ բանը, որ կարելի է երաշխավորել, գործի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքն է»[18]։ Ցավոք, ասյօր պրակտիկայում հաճախ են հանդիպում փաստաբանի կողմից տրված ազատազրկումից հանելու, գործը լիակատար շահելու, գույքը կալանքից հանելու և այլ խոստումների, որի մասին են վկայում փաստաբանների պալատի վարած վիճակագրական տվյալները: Իսկ եթե հաշվի առնենք, որ նման դեպքերի մեծ մասն այդպես էլ դուրս չեն գալիս փաստաբան-վստահորդ փոխհարաբերությունների շրջանակից, ապա հանդիպում ենք ոչ ցանկալի իրավիճակի: Նման խոստումների մեծ մասը տրվում է հաճախորդ ձեռք բերելու, գումար վաստակելու համար: Քիչ չեն նաև գումարը վերցնելու և գործը չկատարելու, հասանելի գումարը վստահորդին չվերադարձնելու և նրա շահերի դեմ գործելու դեպքերը[19]։
Փաստաբանը պետք է գիտակցի, որ ամեն դեպքում պետք է պատասխանատվություն կրի իր մատուցած ծառայությունների հետևանքների համար` թե° դրական, թե° բացասական առումով: Նման պատասխանատվությունն առավել ռեալ դարձնելու և փաստաբանների զգոնությունը բարձրացնելու նպատակով Մ. Բարշևսկին, օրնակ, առաջարկում է ներմուծել պարտադիր ապահովագրության ինստիտուտը, փաստաբանների պալատում ստեղծել ապահովագրական ֆոնդ, որից էլ փաստաբանական սխալի դեպքում կմուծվեն ապահովագրական վճարները[20]։ Նման մոտեցումը, մեր կարծիքով, կհանգեցնի որոշակի դրական հեևանքների` կնպաստի փաստաբանների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների նկատմամբ հսկողության խստացմանը /Փաստաբանների պալատի կողմից/, հասարակության կողմից փաստաբանության նկատմամբ վստահության բարձրացմանը, վստահորդին պատճառված վնասի արագ և արդյունավետ հատուցմանը: Իհարկե, նման ինստիտուտի ներդրումը պահանջում է լուրջ հետազոտություններ, արտասահմանյան փորձի ուսումնասիրություն, Փաստաբանների պալատի ֆինանսական հնարավորությունների ընդլայնում և այլն:
Փաստաբան-վստահորդ փոխհարաբերությունների առանցքային հարցերից է իրավական դիրքորոշման խնդիրը: Կանոնագրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն փաստաբանն իրավունք չունի վստահորդի դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում ընդունել, նրա հետ այդպիսի համաձայնություն չունենալու դեպքում, մասնավորապես քրեական գործերով փաստաբանն իրավունք չունի իր պաշտպանյալի մեղքն ապացուցված ճանաչել, եթե վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում, ինչպես նաև իրավունք չունի դրդել կամ համոզել նրան իրեն մեղավոր ճանաչել: Փաստաբանի համար նման վարքագիծ դրսևորելը հատկապես դժվար է, երբ բոլոր ապացույցները վկայում են պաշտպանյալի մեղքի մասին, ինքն այն նույնպես ընդունում է, սակայն դատարանում հայտարարում է իր անմեղության մասին: Նման դեպքում, եթե դատարանում փաստաբանն ուղղակի չանդրադառնա մեղքին, այլ փորձի վեր հսնել միայն պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, կստացվի, որ ընդունում է ամբաստանյալի մեղքը և «միանում մեղադրանքին»։ Իսկ մեղքին անդրադառնալու դեպքում նա ստիպված կլինի բերել պաշտպանյալի անմեղության մասին վկայող փաստարկներ, որոնք կարող են և չլինել կամ շատ չնչին լինել մեղադրանքի կողմի ներկայացրած փաստարկների համեմատ, կամ փորձել ապացուցել, որ մեղադրանքի կողմը չունի մեղքն ապացուցված համարելու համար անհրաժեշտ ապացույցներ: Որպես խնդրի լուծում` որոշ հեղինակներ առաջարկում են դիմել երկընտրանքային դիրքորոշման հնարքին /բերել հակափաստարկներ, սակայն նշել նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ/[21], մյուսները կտրականապես դեմ են արտահայտվում նման տակտիկական հնարքին` համարելով այն էթիկայի նորմերին հակասող և ոչ արդյունավետ[22]։ Մեր կարծիքով, այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ. խնդրի ճիշտ լուծումը պետք է փնտրել կոնկրետ գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծության մեջ: Ինչպես Ն.Ն. Պոլյանսկին է ասում. «Չկա մի գործ, որում փաստաբանը մեղադրյալի օգտին ասելու ոչինչ չունենա»[23]։ Սակայն փաստաբանն իրավունք չունի պաշտպանել իր համար ակնհայտ սուտը կամ դրա վրա հղումներ անել[24]։ Դատարանում մեղքի ակնհայտ ապացուցվածության դեպքում նա ոչ թե պետք է բարձրաձայնի, որ իր պաշտպանյալն անմեղ է, այլ որ նրա մեղքը ապացուցված չէ և չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն նրա օգտին: Մեր կարծիքով, սա ճիշտ կլինի ոչ միայն էթիկայի, այլև տակտիկայի տեսանկյունից:
Այլ է խնդիրը, երբ փաստաբանը գործ ունի պաշտպանյալի ինքնազրպարտության հետ: Կանոնագրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն փաստաբանը, համոզվելով, որ պաշտպանյալին մեղսագրվող արարքը հիմնավորված չէ կամ գործով ձեռք բերված ապացույցները վկայում են ավելի թեթև հանցագործության մասին, իսկ պաշտպանյալն ընդունում է իրեն ներկայացված մեղադրանքը, պարտավոր է քննարկել այդ հարցը իր պաշտպանյալի հետ և համաձայնեցնել ըստ այդմ նոր դիրքորոշում ընդունելու հարցը: Եթե նոր դիրքորոշման կապակցությամբ համաձայնություն ձեռք չի բերվում, ապա փաստաբանն իրավունք ունի զբաղեցնել իր պաշտպանյալից անկախ, ինքնուրույն դիրքորոշում: Այստեղ փաստաբանը պետք է առաջնորդվի «Nemo auditur perire volens!»[25] սկզբունքով: Պետք է միայն ավելացնել, որ նման դիրքորոշումը չպետք է հանգեցնի փաստաբանական գաղտնիքի հրապարկմանը[26]։ Եթե վստահորդի ինքնազրպարտությունն ուղղված է այլ անձի կողմից տվյալ արարքի կատարումը թաքցնելուն կամ նրա մեղքը փոքրացնելուն, ապա փաստաբանն իրավունք չունի այդ մասին բարձրաձայնել: Նրա խնդիրը իր պաշտպանյալին արդարացնելն է, իսկ մնացածը մեղադրնքի կողմի խնդիրն է:
Ինչպես տեսնում ենք, փաստաբան-վստահորդ փոխհարաբերություններում առանցքային է նաև փաստաբանական գաղտնիքի պահպանլան փաստաբանի պարտականությունը: Այս կապակցությամբ հետաքրքիր է փաստաբանի վարքագծի ռուսական կանոնագրքի կարգավորումը, որով փաստաբանական գաղտնիք է դիտում նաև վստահորդի հետ պայմանավորած հոնորարի չափը, և փաստաբանին արգելվում է վստահորդից դրամական պահանջը զիջել այլ անձի /6-րդ հոդվածի 7-րդ կետ/[27]։ Նույն` ռուսական կանոնագրքի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշվում է, որ առանց փաստաբանական գաղտնիքի պահպանման մեջ համոզվածության փաստաբանի նկատմամբ վստահություն չի կարող լինել: Եվ ընդգծելով այս դրույթի կարևորությունը` կանոնագրքի մեկնաբանություններից մեկում նշվում է. «Տրամաբանորեն կարելի է հետևություն անել. եթե առանց գաղտնիքի պահպանման չի կարող վստահություն լինել, իսկ վստահության չարաշահումը փաստաբանի կոչման հետ անհամատեղելի է, ապա փաստաբանական գաղտնիքի ցանկացած խախտում «մեխանիկորեն» պետք է բերի փաստաբանի կարգավիճակի դադարեցմանը»[28]։
Որպես ամփոփում` ավելացնենք միայն, որ օրենքն, անկախ ամեն ինչից, վստահորդի կամքից բարձր է կանգնած, և որ իր վստահորդին ամեն կերպ պաշտպանելու փաստաբանի բարոյական պարտականությունը չպետք է դիտել որպես ընդհանրապես հանցագործության պաշտպանություն: «Լինել փաստաբան, նշանակում է հիշել և հոգեբանորեն պատրաստ լինել բացատրել ուրիշներին ևս, որ ցանկացած իրավիճակում հաղթանակել կարող է միայն օրենքը, իսկ օրենքին հետևելու փաստաբանի ձգտումը պետք է կառուցվի զարգացած իրավագիտակցության ու բարոյական դաստիարակության վրա»[29]։ Միայն էթիկայի նորմերով առաջնորդվող փաստաբաննությունը կարող է հասնել իր առջև դրած նպատակներին, արժանանալ հասարակական հարգանքին ու վստահությանը, դառնալ մի կառույց, որն ի զորու է պաշտպանել քաղաքացիների օրինական շահերն ու հասնել արդարությոն: «Փաստաբանի մանագիտական պարտականությունների շրջանակը կարող է փոխվել` կախված այն հանգամանքից, թե դատավարական որ սուբյեկտի շահերն է նա պաշտպանում` մեղադրյալի թե տուժողի, հայցվորի, թե պատասխանողի: Բայց բարոյաէթիկական բնագավառում նրա մասնագիտական պարտականությունները մնում են անփոփոխ` առավելապես օգտագործել բոլոր օրինական միջոցները մեղադրյալի պաշտպանության համար և ամեն կերպ հիմնավորել տուժողի, հայցվորի կամ պատասխանողի դիրքորոշումը»[30]։ Համենայն դեպս, փաստաբանը միշտ պետք է հետևի «օրենքն ու մասնագիտական էթիկան վստահորդի կամքից բարձր են»[31] սկզբունքին:
[1] Տե՛ս, Кобликов А.С. Юридическая этика. Учебник для вузов. Москва, 1999, էջ՝ 130:
[2] Տե՛ս նույն տեղում, էջ՝ 6։
[3]Տե՛ս, Ницще Ф. По ту сторсну добра и зла. –М.; Харьков, 1999. –С.65: Մեջբերումն ըստ Баев О.Я. Тактика уголовного преследования и профессиональной защиты от него, Москва, 2008, էջ՝ 556:
[4] Տե՛ս, օրինակ, Барщевский М. Адвокатская этика, 2-е аздание, исправленное, Москва, 2000, էջ` 71: Կամ Буробин В.Н. Адвокатская деятельность , изд. 2-ое, перерабонанное, Москва, 2003, էջ`174:
[5] Տե՛ս, Бойков А.Д. Этика профессиональной защиты по уголовным делам. Москва, 1978, էջ` 60:
[6] Ватман Д.П. Адвокатская этика /нравственные основы судебного представительства по гражданским делам/, Москва, 1977, էջեր` 114-115:
[7]«Անմիտ ու ոչ պատվաբեր կլիներ վարվել այնպես, ինչպես այն փաստաբանը, ով օրենքը շրջանցելու համար միջոցներ է առաջարկում` նման հնագույն ժամանակների մտացածին փիլիսոփաներին, ովքեր հրապարակայնորեն իրենց պատրաստակամությունն էին հայտնում օգնելու հաղթել անարդար գործերըը»: /Տե՛ս, Молло М. Правила адвокатской профессии во Франции, Москва, 1894, правило 5. Традиции адвокатской этики. Избранные труды российских и французских адвокатов /XIX - начало XX в./. Составители Елисеев И.В., Панкратов Р.Ю., Санкт-Петербург, 2004, էջ` 15/:
[8] Տե՛ս, Демидова Л.А. Адвокатура в России. Учебник, Москва, 2006, էջ` 192:
[9] Леви А., Папкин А. Нравственные и этические требования к адвокату. Российская юстиция. 2003. #3. С.25-27: Մեջբերումն ըստ Кипнис Н.М., Богданова Е.Л., Гутников А. Б. Профессиональная этика юриста-консультанта, Санкт-Петербург, 2004, էջ`225:
[10] Տե՛ս, J. des Cressonieres: Entretiensser lq Profession d’qvocqt et les regles professionelles: Bruxelles; 1925. C. 28-29: Մեջբերումն ըստ Полянский Н.Н. Правда и ложь в уголовной защите, Москва, 1927, էջ՝ 61:
[11] Դասակարգումն ավելի մանրամասն տե՛ս Барщевский М. նշված աշխատության էջեր՝121-123:
[12]«Կարելի է բարեխղճորեն սխալվել փաստերի նշանակության մեջ, բայց կանխամտածված դրանց տալ այլ մեկնաբանություն, նշանակում է ստել»: /Տես Молло М. Правила адвокатской профессии во Франции, Москва, 1894, правило 7. Традиции адвокатской этики. Избранные труды российских и французских адвокатов /XIX - начало XX в./. Составители Елисеев И.В., Панкратов Р.Ю., Санкт-Петербург, 2004, էջ` 17/:
[13]Շախմատի ձի ասելով` նա ի նկատի ունի մի մարդու, որն ամբողջ կյանքում քայլել է ծուռ ճանապարհներով, կատարել իրավախախտումներ:
[14] Տե՛ս, Ванян А.Б. Афоризми о юриспруденции, Москва, 1999, էջ՝ 492:
[15] Տե՛ս, Барщевский М. նշված աշխատության էջեր` 97-98:
[16] Աշխատանքում զետեղված ՀՀ-ին վերաբերող բոլոր վիճակագրական տվյալները գրավոր հարցմամբ ստացվել են ՀՀ փաստաբանների պալատից:
[17]Տե՛ս, Молло М. Правила адвокатской профессии во Франции, Москва, 1894, правило 69. Традиции адвокатской этики. Избранные труды российских и французских адвокатов /XIX - начало XX в./. Составители Елисеев И.В., Панкратов Р.Ю., Санкт-Петербург, 2004, էջ՝ 56:
[18]Смоленский М.Б. Адвокатская деятельность и адвокатура РФ. 3-е издание, исправленное и допдлненное. Ростов-на-Дону, 2004, էջ՝ 74:
[19]2005թ. դեկտեմբերից մինչև 2010թ. հունվար ընկած ժամանակահատվածում փաստաբանների պալատ ուղարկված պատահական վերցրած 76 բողոքներից 30-ը միայն այս հիմքերն են պարունակում:
[20] Տե՛ս, Барщевский М. նշված աշխատության էջեր` 61-62 :
[21] Տե՛ս, օրինակ, Бойков А.Д. Этика профессиональной защиты по уголовным делам. Москва, 1978, էջ` 71:
[22]Խնդրի մանրամասն քննարկումը տե°ս Ղուկասյան Հ.Հ. «Պաշտպանի դատավարական կարգավիճակը նախնական քննության փուլում», Երևան, 2008, էջեր` 29-30:
[23] Տե՛ս, Полянский Н.Н. նշված աշխատության էջ` 28:
[24]«Որպեսզի դատարանում վաստակես իսկական փաստաբանի հեղինակություն, մի° հենվիր թեկուզ կարևոր, բայց այնպիսի փաստերի վրա, որոնք չես կարող հաստատել ապացույցներով»: /Տե՛ս, Молло М. Правила адвокатской профессии во Франции, Москва, 1894, правило 8. Традиции адвокатской этики. Избранные труды российских и французских адвокатов /XIX - начало XX в./. Составители Елисеев И.В., Панкратов Р.Ю., Санкт-Петербург, 2004, էջ 18/:
[25] «Պետք չէ լսել մի մարդու, որը ցանկանում է իրեն կործանել»: / Տե՛ս նույն տեղում, правило 62, էջ 49/:
[26] Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները, որոնք վստահորդը փոխանցել է փաստաբանին, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները, որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն, և որոնք հայտնի չեն հանրությանը /Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մաս, Կանոնագրքի 9-րդ հոդված/:
[27] Кодекс профессиональной этики адвоката. Принят Первым Всероссийским сЪездом адвокатов 31 января 2003 года:
[28] Տե՛ս, Гармаев Ю.П. Предели прав и полномачий адвоката в уголовном судопроизводстве и типичные правонарушения, Иркутск, 2005, էջ` 289:
[29] Смоленский М.Б. նշված աշխատության էջ՝ 89։
[30] Տե՛ս, Бойков А.Д. Нравственные основы судебной защиты, Москва, 1978, էջ` 47:
[31] Кодекс профессиональной этики адвоката. Принят Первым Всероссийским сЪездом адвокатов 31 января 2003 года, 10-րդ հոդվածի 1-ին մաս։
Գոհար Գևորգյան
"AM" իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան
տպագրված՝ Օրինականություն. ՀՀ գլխավոր դատախազության գիտագործնական և ուսումնամեթոդական հանդես, N80, Երևան, 2013, էջեր 30-40