Տարվա հաշտություն. հայ-ավստրիական բիզնես վեճը լուծվել է հայկական դատարանում

16 Ապրիլ, 2014www.1in.am

«Աֆին Լիզինգ» ավստրիական խոշոր լիզինգային կազմակերպության և բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» հայկական ընկերության միջև 6 տարվա պատմություն ունեցող դատական վեճը վերջապես ավարտվել է հաշտությամբ: Երեկ հայկական դատարանը հաստատել է «AM» իրավաբանական ընկերության կողմից պատրաստված  հաշտության համաձայնագիրը:

«Աֆին Լիզինգ» ավստրիական կազմակերպությունը 2006 թվականից մատակարարել է IVECO մակնիշի ավտոմեքենաներ «Սպայկա» հայկական ընկերությանը: 2009 թվականից Աֆին Լիզինգ ընկերությունը փորձում էր ստանալ իր լիզինգային վճարները, որի նպատակով Հայաստանի դատարաններում քննվել է 3 դատական գործ: Այդ դատական գործերում մի շարք անհաջողություններից հետո Աֆին Լիզինգ ավստրիական կազմակերպությունը շուրջ մեկ տարի առաջ դիմել է «AM» իրավաբանական ընկերությանը:

Հայաստանի դատարաններում բարդ և հետևողական աշխատանքի արդյունքում «AM» ընկերության իրավաբանները կարողացել են իրենց օտարերկրյա վստահորդին վերադարձնել վերջինիս հասանելիք գումարները: «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը նշել է. «Մեր երկարատև աշխատանքով ստացված հաշտության համաձայնության արդյունքում միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա ընկերությանը այսօր արդեն վճարված են բոլոր պարտքերը, իսկ հայկական ընկերությունը ազատվել է ֆինանսական լուրջ բեռից»:

Գործը վարել են «AM» ընկերության իրավախորհրդատուներ  Ռոզա Ստեփանյանը և Գոհար Գևորգյանը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ