«AM»-ի փաստաբանի համառ աշխատանքի արդյունքում դատարանը ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչեց վստահորդի սեփականության իրավունքը

9 Հունվար, 2024

«AM» իրավաբանական ընկերություն դիմած քաղաքացին հայտնել էր, որ դեռևս 20 տարի առաջ հայրը բնակարան էր գնել, սակայն դրա հետ կապված որևէ իրավական գործընթաց չէր կատարել։ Ավելին` անշարժ գույքը գնելու վերաբերյալ առկա չէր որևէ պայմանագիր, վճարման անդորրագիր կամ համանման այլ ապացույց։

Վստահորդի հայրը, իսկ այնուհետև վստահորդը տարիներ շարունակ ապրել են բնակարանում, կատարել անշարժ գույքի բարվոքությանն ու պահպանությանն ուղղված հստակ քայլեր, վճարել օրենքով սահմանված հարկերը, տուրքերը և այլ վճարները։ 

Անշարժ գույքի սեփականատերերն ավելի քան 20 տարի չէին այցելել բնակարան, անգամ հնարավորություն չէր ստեղծվել կապ հաստատել վերջիններիս հետ արտադատական իրավական պատշաճ գործընթաց կազմակերպելու համար։

Նման իրավիճակում հնարավոր իրավական ելքը դատարան դիմելն ու դատական կարգով ձեռքբերման վաղեմության հիմքով վստահորդի սեփականության իրավունքի ճանաչումն էր, որն էլ իրականացվեց «AM» գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Հայկ Բարսեղյանի կողմից։ Դատարան ներկայացվեցին մի խումբ ապացույցներ, այդ թվում՝ հայտարարություններ, վկաների ցուցմունքներ, պետական մարմիններից հարցման պատասխաններ։

Դատարանը, իրականացնելով գործի լրիվ, բազմակողմանի քննություն, հաստատված համարեց ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության ճանաչման համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և արդեն իսկ լայն կիրառություն ունեցող ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով նախատեսված հատկանիշները և վճռեց ճանաչել վստահորդի սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության հիմքով։ 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ