Գրիգոր Մինասյանը չի բացառում, որ մեր բանտերում կան անմեղ մարդիկ

23 Հունվար, 2015www.hetq.am

«Հետքը» ծանոթացել է 15-20 տարվա վաղեմության մի խումբ քրեական գործերի նյութերի, որտեղ դատավճիռների հիմքում հիմնականում ցուցմունքներ են, գիտական հետազոտությունները՝ բացառիկ (թերևս միայն դիակի դատաբժշկական փորձաքննություն): Սա այն դեպքում, երբ խոսքը առավելապես ծանր հանցագործությունների` սպանությունների մասին է, որոնցով անձինք դատապարտվել են մահապատժի կամ ցմահ ազատազրկման: Այնինչ կան պատժի առավելագույն չափի դատապարտվածներ, ովքեր տասնյակ տարիներ պնդում են, որ դատական սխալի հետևանքով են ճաղերի հետևում: Սակայն իրեղեն ապացույցները ոչնչացված են, գործի վերաբացման հնարավորությունները՝ սուղ: Մինչդեռ ԱՄՆ-ում, օրինակ, հին քրեական գործերի վերաբացումները դարձել են օրինաչափություն: ԴՆԹ թեստի հիմքով ԱՄՆ-ում վերաբացված քրեական գործերով պարզվել է, որ 318 դեպքից 229-ի պարագայում (72 տոկոս) անձը դատապարտվել է մահապատժի կամ երկարատև ազատազրկման` սխալ վկայության հետևանքով: Փոխարենը` իրական հանցագործին վկաները մատնանշել են միայն 90 դեպքով (39 տոկոս): Այն ժամանակ, երբ անմեղ մարդը պատիժ է կրել, իրական հանցագործներն ազատության մեջ կատարել են ևս 98 հանցագործություն: Այս խնդիրների, հնարավոր լուծումներ փնտրել-գտնելու շուրջ է «Հետքի» հարցազրույցը AM իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանի հետ:

-Ինչպե՞ս, ի՞նչ քայլեր եք տեսնում հին՝ 15-20 տարվա վաղեմության քրեական գործերի վերաբացման ուղղությամբ:

-Նախ և առաջ անհրաժեշտ է ստեղծել գործերի վերանայման իրավական հիմքեր: Ներկայումս հստակ սահմանված են բոլոր այն պայմանները, որոնց առակայությունը կարող է հիմք լինել օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձանց քրեական գործերի վերանայման համար: Դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նոր կամ նոր երևան եկած հանգամանքներն են: Որևէ այլ իրավական հիմք այս պահին չկա նշված գործերի վերանայման համար: Նման իրավական հիմք կարող է նախատեսվել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից ոչ ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով:

Իհարկե, իրավական ակտի ընդունման գործընթացն ամենահեշտն է այս հարցում:

Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ իրավական ընթացակարգ է սահմանվելու գործերի վերանայման համար, ինչ սկզբունքով են ընտրվելու այն գործերը, որոնք ենթակա են լինելու վերանայման: Կարևոր է, որ նման ընթացակարգը հետագայում խնդիրներ չառաջացնի թե՛ տարընթերցումների, մեկնաբանությունների և թե՛ առանձին անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի հնարավոր դրսևորումների տեսանկյունից: Ամենաբարդ խնդիրը, մեր համոզմամբ, հենց այդ սահմանագիծը գծելն է, հնարավոր չի լինի նախատեսել, որ օրինակ՝ միայն ցուցմունքների վրա հիմնված դատավճիռներն են ենթակա լինելու վերանայման, կամ միայն դիակի փորձաքննության եզրակացություն ունեցող կամ չունեցող գործերով դատավաճիռները: Յուրաքանչյուր գործ անհատական հատկանիշներ ունի, և նման սահմանազատումները կարող են է՛լ ավելի շատ խնդիրներ, է՛լ ավելի մեծ դժգոհություն առաջացնել:

Գուցե, կարելի է առանձնացնել այն գործերի շրջանակը, որոնք քննվել են քրեական դատավարության նախկին օրենսգրքով սահմանված կարգով, այսինքն՝ մինչև 1999 թվականը, սակայն այս դեպքում էլ կարող են խնդիրներ առաջանալ. նույնանման կարգավիճակով գործեր՝ ոչնչացված իրեղեն ապացույցներով, հիմնված միայն կամ առավելապես ցուցմունքների վրա, կարող են լինել նաև 1999 թ-ից հետո, և մենք կրկին գործ կունենանք խտրական վերաբերմունքի դրսևորման հետ: Հետևաբար, վերանայման հնարավորություն տվող իրավական ակտի ընդունման դեպքում այդ հնարավորությունը պետք է տրվի առ այսօր դատապարտված ցմահ ազատազրկում կրող բոլոր անձանց:

Իհարկե, նպատակն այն կարևորությունն ունի, որ կարելի է ռեսուրսներ ծախսել բոլոր ցմահ ազատազրկվածների գործերի վերանայման համար, սակայն առավել կարևոր է, թե ինչ է լինելու արդյունքում: Արդյունքում մենք ունենում ենք 100-ից ավելի գործեր, որոնցում բացի ցուցմուքներից ոչինչ չկա: Դրանցում չկան իրեղեն ապացույցներ, քանի որ ոչնչացվել են, դրանցում առկա փորձագիտական եզրակացությունները նվազ արժեք ունեն այդ իրեղեն ապացույցների բացակայության պատճառով: Կրկին դժվար է լինում որոշել այն սահմանը, թե իրեղեն ապացույցներն ու փորձագիտական եզրակացությունները գործերից հանելու դեպքում ո՞ր գործերն են այլ ընթացք ստանալու: Իհարկե, չեմ բացառում, որ կարող են լինել այնպիսի գործեր, որոնց ուսումնասիրության արդյունքում ակնհայտ կլինի դատապարտման հիմքերի բացակայությունը:

-ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ապացույցների 9-կետանոց շարքում պատվավոր 7 կետերը ցուցմունքներն են՝ վկայի, ամբաստանյալի, տուժողի, կասկածյալի: Ասել է, թե՝ հիմնականում գործի ելքով շահագրգիռ մարդկանց ցուցմունքները: Իսկ գիտության նվաճումները վերջին տեղերում են՝ փորձագետի եզրակացությունն ու իրեղեն ապացույցները: Որպես իրավաբան, ի՞նչ եք կարծում՝ գիտության սրընթաց զարգացման պայմաններում արդյոք սա ճիշտ մոտեցում է:

-Ապացույցների նման դասակարգումը հիմք չի տալիս մեզ առավելություն տալ դրանցից որևէ մեկին մյուսների նկատմամբ: Քրեական դատավարությունում որևէ ապացույց նախապես առավելություն չունի գործում առկա մյուս ապացույցների նկատմամբ: Բոլոր ապացույցները հետազոտվում են և գնահատվում իրենց համակցությամբ, դատարանի կողմից՝ գործի լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության արդյունքում:

Եթե նշված տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա մեղադրյալի ցուցմունքը առավել կարևոր նշանակություն ունի գործի համար, քան փորձագետի եզրակացությունը: Պրակտիկան թույլ է տալիս կարծիք ձևավորել, որ ներկայումս փորձագետի եզրակացությունը առավել ծանրակշիռ նշանակություն ունի քրեական գործերով, քան անձանց, հատկապես կասկածյալի կամ մեղադրյալի ցուցմունքները: Սակայն կրկին, որևէ ապացույց չպետք է մյուսների նկատմամբ ձևական իմաստով առավելություն ունենա:

-Ի՞նչ եք կարծում՝ մեր բանտերում կան անմեղ մարդիկ:  

-Չեմ բացառում: Ինչպես նշեցիք, նույնիսկ ԱՄՆ գովաբանված արդարադատությունն ունեցել է սխալներ, որոնք հնարավոր են եղել շտկել գիտության ձեռքբերումների շնորհիվ: Հավանաբար, մեր մոտ էլ նման արդյունքներ կարող էին գրանցվել կոնկրետ ԴՆԹ թեսթերի անցկացմամբ, եթե հեռատես լինեինք և օրենսդրությամբ չնախատեսեինք իրեղեն ապացույցների ոչնչացում:

-Դատախազությունը պարբերաբար վկայակոչում է՝ անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ գործերի վերաբացման համար: Ո՞վ պետք է դրանք երևան բերի, եթե հին գործերով զբաղվողներ չկան գործնականում:

-Ինչպես արդեն նշվեց, այդ հարցի լուծումը դատախազությանը տրված չէ: Ներկա իրավական կարգավորմամբ միակ իրավական ընթացակարգը գործի վերանայման համար դատավճռի բողոքարկումն է նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով: Այդ հանգամանքները կարող են ի հայտ գալ ինչպես պետական մարմինների, այնպես էլ դատապարտված անձանց, նրանց պաշտպանությամբ զբաղվող մարդկանց, կազմակերպությունների աշխատանքի արդյունքում:

-«Հետքը» առաջարկում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովին կամ պետական համապատասխան այլ կառույցի ոլորտի գիտնականներից խումբ կազմել և ուսումնասիրել 1990-ականներից մինչև մեր օրերը քննված երկարատև ու պատժի առավելագույն չափի դատապարտվածների գործերը: Նպատակն է մոնիթորինգ անել, թե որքան տոկոս են կազմում ցուցմունքները, որքան՝ գիտական հետազոտությունները: Արդյո՞ք Ձեզ համար ընդունելի է նման առաջարկությունը: Ինչպե՞ս եք տեսնում դրա կազմակերպումը:

-Խնդիրն ունի կարևորություն: Եվ այդ խնդրի լուծման ճանապարհին մի շարք քայլեր պետք է ձեռնարկվեն: Նախ, ինչպես ասացիք, կարելի է մասնագիտական հանձնաժողովի կազմում քննարկել եղած գործերը, հասկանալ, թե տեսական իմաստով կա՞ն արդյոք լուծման կարիք ունեցող հարցեր: Հաջորդ քայլը, իմ կարծիքով, առավել շատ մասնագիտական ջանքեր է պահանջում. պետք է մշակվի հստակ ընթացակարգ, որն իրավական ակտի տեսքով ընդունելուց հետո առանց դժվարություններ ու դժգոհություններ հարուցելու կարող է լուծել առկա խնդիրները:

-Դեկտեմբերի 17ին տեղի ունեցավ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության

 հայաստանյան մասնաճյուղի բացումըԻ՞նչ հնարավորություն կարող է տալ կազմակերպությունը 

վերոհիշյալ հարցերի լուծումները  փնտրել-գտնելու հարցում:

-Բազմիցս հրապարակայնորեն հայտնել եմ, որ այս միջազգային կազմակերպությունն ունի հսկայական մասնագիտական ռեսուրս, և այն կարող է ծառայել ցանկացած պետական մարմնի ու հանրային գործընթացի, եթե լինի կոնկրետ խնդիր կամ առաջադրանք: Մենք պատրաստ ենք ստանալ և մեր համաշխարհային մասնագիտական ցանցում շրջանառել այս և այլ խնդիրներով կոնկրետ իրավական հարցեր, որոնց մեր միջազգային գործընկերները կտան առաջադեմ և օգտակար լուծումներ:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ