Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ լուծում է առաջարկել իրավաբանական ընկերությունը

25 Մայիս, 2015

Այսօր «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը հրապարակային առաջարկ է հղել «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին: Գրության մեջ մասնավորապես ասված է.

«Կիսելով էլեկտրաէներգիայի թանկացման կապակցությամբ մեր բազմաթիվ հայրենակիցների անհանգստությունը` ցանկանում ենք կառուցողական համագործակցության եղանակով մեղմել ներկայիս բարդ իրավիճակը:

«ՀԷՑ» ՓԲԸ-ն  սակագնի բարձրացումը հիմնավորում  է իր կողմից իրականացվող ծախսերով, որոնք գերազանցում են ստացված եկամուտները: Ներկայացված ծախսերն ակնհայտորեն ընդգրկում են նաև խոշոր գումարներ, որոնք հատկացվում են իրավաբանական ու հաշվապահական ծառայությունների ձեռքբերմանը:

Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը բազմաթիվ սոցիալապես անապահով մարդկանց վրա, ինչպես նաև իրապես զգալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն` «AM» իրավաբանական ընկերությունն առաջարկում  է իր իրավաբանական և հաշվապահական ծառայությունները` ներկայումս «ՀԷՑ»-ի կողմից այլ ընկերություններին վճարվող գումարի ուղիղ կեսի չափով: Այսինքն` մենք առաջարկում ենք 50 տոկոսով կրճատել Ձեր ծախսերը նվազագույնը այս երկու հոդվածներով և համամասնորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի թանկացման Ձեր հայտը:»

 «AM» իրավաբանական ընկերությունը կոչ է անում նաև այլ մատակարարներին և ծառայություններ մատուցողներին միանալ այս հրապարակային առաջարկին: Այսինքն` առաջարկում ենք բոլոր գործարարներին իրենց որակյալ ապրանքը կամ ծառայությունը էականորեն ավելի էժան վաճառել «ՀԷՑ»-ին և դրանով իսկ նպաստել «ՀԷՑ»-ի ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատմանը, հետևաբար նաև կասեցնել շատերի համար խիստ ցավալի թանկացումը:

«AM»  իրավաբանական ընկերության արտաքին կապերի ծառայություն

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ