«Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության երեք տասնյակ ուսուցիչների չէին վճարել 2014 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը: Ի պատասխան ուսուցիչների աշխատավարձերը վճարելու պահանջին՝ դպրոցի տնօրինությունը հավաստիացրել էր, որ աշխատավարձը կփոխանցվի, բայց այդպես էլ չէր կատարել վճարումը: 2015 թվականի դեկտեմբերին «Գյումրու մշակույթի վարժարան»-ը կառավարության որոշմամբ միացվել էր Շիրակի պետական համալսարանին: Այդ միավորումից հետո ուսուցչները դիմել էին վերակազմավորված կրթօջախի տնօրենին՝ չվճարված աշխատավարձերը փոխհատուցելու պահանջով, սակայն վերջինից ստացել էին պատասխան, որ աշխատավարձի համար սահմանված գումարը ժամանակին փոխանցվել է դպրոցին, և համալսարանը ոչ մի պարտավորություն չի կրում:
2016թ. նոյեմբերին «АМ» իրավաբանական ընկերությունը ստանձնեց ուսուցիչների շահերի պաշտպանությունը, և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվեց չվճարված աշխատավարձի ու աշխատավարձի վճարման կետանցված տոկոսների բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը, որտեղ հիմնավորվեց, որ ՀՀ կառավարության N 1418-Ն որոշման երկրորդ մասի համաձայն «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Շիրակի պետական համալսարանն է, որն էլ պարտավոր է վճարել ուսուցիչների աշխատավարձը:
Առաջին իսկ դատական նիստից անմիջապես հետո պատասխանող կողմը ցանկություն հայտնեց բանակցել և հաշտության համաձայնություն կնքել: Մինչև երկրորդ դատական նիստը «Շիրակի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կատարեց իր պարտավորությունները բոլոր ուսուցիչների նկատմամբ՝ վճարելով վերջիններիս չվճարված աշխատավարձը, ինչպես նաև աշխատավարձի վճարման կետանցված օրվա համար սահմանված տուժանքը: