Քրեական իրավունքի մաստեր-կլաս՝ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների համար

3 Մայիս, 2017

Հայ-Ռուսական համալսարանի 40 ուսանողներ մասնակցել են «АМ» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպված քրեական իրավունքի մաստեր-կլասին, որը վարել է «АМ» ընկերության բաժնետեր, քրեական գործերով ճանաչված փաստաբան Լևոն Սահակյանը և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանը:

Ի թիվս քրեական իրավունքին և քրեական դատավարությանը վերաբերող բազմաթիվ տեսական ու գործնական հարցերի, ուսանողները փորձառու մասնագետների հետ քննարկեցին այն հարցը, որ հաճախ քննիչներն անձին կանխամտածված ներգրավում են որպես վկա, զգուշացնում ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հարցաքննում, այնուհետև նոր առաջադրում մեղադրանք: Տվյալ հարցի կապակցությամբ փաստաբան Լևոն Սահակյանը պարզաբանեց, որ կախված գործի հանգամանքներից կարելի է ընտրել մարտավարության երկու տարբերակներից մեկը՝ 1) ունենալով վկայի կարգավիճակ՝ հրաժարվել ցուցմունք տալուց՝ վկայակոչելով Սահմանադրության նորմը, ինչպես նաև մի շարք նախադեպային որոշումներ, 2) այնուամենայնիվ, տալ ցուցմունքներ, իսկ հետագայում որոշել պնդել այդ ցուցմունքները, թե՞ վիճարկել տվյալ արձանագրության թույլատրելիությունը:

Քրեական գործի քննության ժամկետների ձգձգման խնդրի կապակցությամբ ուսանողներից մեկն առաջարկեց օրենքով սահմանել գործի քննության համար հստակ ժամկետ: Փաստաբան Սահակյանը ուսանողներին բացատրեց, որ շատ վտանգավոր է սահմանել դատական գործի համար հստակ ժամկետ և ստիպել դատավորներին այդ ընթացքում ավարտել գործը, քանի որ կարող է վտանգվել գործերի արդյունավետ և արդար քննությունը: Այլ կերպ ասած՝ կարող են լինել գործեր, որոնց արդար դատաքննության համար անհրաժեշտ լինեն առավել երկար ժամկետներ, քան նախատեսված կլինի օրենքով: Իսկ գործերը դասակարգելը և ըստ այդմ յուրաքանչյուրի համար առանձին ժամկետ սահմանելը շատ դժվար կլինի օրենսդրի համար: Ուստի, ընդունելով, որ այժմ օրենսդրության մեջ տեղ գտած «ողջամիտ ժամկետ» արտահայտությունը կարող է տարբեր դատավորների կողմից տարբեր կերպ մեկնաբանվել՝  այնուամենայնիվ դեռևս ավելի լավ լուծում չի գտնվել:

Ուսանողներին հետաքրքրեց նաև, թե արդյո՞ք փաստաբանը պետք է պաշտպանի իր վստահորդին՝ գիտակցելով, որ նա հանդիսանում է հանցագործ: Նշված հարցի կապակցությամբ փորձառու փաստաբանները հայտնեցին, որ իրենց համար առաջնային նպատակը պետք է լինի իրենց վստահորդի շահերը պաշտպանելը, ինչն էլ լայն առումով կնպաստի արդարադատությանը, քանի որ կստիպի պետական մարմիններին յուրաքանչյուր գործով աշխատել առավել արդյունավետ և բարեխիղճ: Բացի այդ, արդարադատության ապահովման առաքելությունը պատկանում է ոչ թե փաստաբանին, այլ դատարաններին:

Հանդիպման ավարտին ապագա իրավաբաններին նաև ներկայացվեց հետագայում «AM» ընկերությունում աշխատանքի ընդունվելու կամ պրակտիկա անցկացնելու հնարավորություններն ու ընթացակարգը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ