«AM» իրավաբանական ընկերության հերթական հաղթանակը՝ այս անգամ Վճռաբեկ դատարանում
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել դիմում՝ ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջի մասին, որը, սակայն, մերժվել էր:
Այնուհետև ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը հանձնվել է փոստային ծառայությանը: Վերջինը, սակայն, վերադարձրել է ծրարը՝ պատճառաբանությամբ, թե անհայտ է՝ ծրարն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեակա ՞ն, թե ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին։
Կրկին վերաքննիչ բողոք է ներկայացվել, որին կցվել է միջնորդություն՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն այս անգամ կայացրել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում՝ հիմնավորելով, որ վերոնշյալ միջնորդությունն անհիմն է:
«AM» իրավաբանական ընկերության փաստաբանի կողմից ներկայացվել է բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը բավարարել է վճռաբեկ բողոքն այն պատճառաբանությամբ, որ զուտ ձևական հանգամանքով պայմանավորված վերաքննիչ բողոք բերած անձանց զրկել է արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքներից:
Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանը մատնանշել է, որ Վերաքննիչ դատարանը, տվյալ պատճառաբանությամբ միջնորդությունը մերժելով և վերաքննիչ բողոքը վերադարձնելով, խախտել է ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև, ինչն անհամատեղելի է անձի գերակա իրավունքներից մեկը հանդիսացող դատական պաշտպանության իրավունքի բովանդակության հետ: